Հունվարի 15-ին դեպի Թեղուտ կայանալիք ակցիան, որը նախաձեռնել են մի խումբ բնապահպաններ, ճանաչողական բնույթ է կրում: Առաջին հերթին, այս շրջագայությունը յուրաքանչյուրին թույլ կտա տեղում ծանոթանալ առկա խնդիրներին, այսինքն` լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Խաղաղության երկխոսություն» հ/կ-ի անդամ Միքայել Մխիթարյանը, ով ակցիայի նախաձեռնողներից է:
«Սա առանձնահատուկ պայքարի ձև է, և կարծում եմ, որ նմանատիպ ակցիաները կծառայեն նպատակին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում մեծ թափ է առել հանքարդյունաբերությունը, իսկ այս առումով շատ ակտուալ է Թեղուտը, որոշեցինք շտապ գործողություններ կիրառել: Քանի դեռ ուշ չէ, պետք է միջոցներ ձեռնարկել: Այս պահին անխնա ոչնչացվել է Թեղուտի անտառների 5%-ը, և, եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով հանքը կհանձնվի շահագործման, այլևս անիմաստ կլինի որևէ միջոց կիրառել», – ասել է նա:
Մխիթարյանը նշել է, որ բոլոր ցանկացողները ավտոբուսներով Երևանից կուղևորվեն Վանաձոր:
«Վանաձորում կկազմակերպենք 15 րոպեանոց ակցիա, այնուհետ կուղևորվենք Թեղուտ, որոշակի տարածք ոտքով կքայլենք, որպեսզի մարդիկ տեսնեն պոչամբարները ու տեղում հասկանան, թե ինչ վտանգ են իրականում ներկայացնում այսօրվա հանքարդյունաբերության բուռն զարգացումները», – տեղեկացրել է նա:
Հարցին՝ շարունակական կլինեն նմանատիպ ակցիաները, Մխիթարյանը պատասխանել է.
«Մենք մշտապես հետևում ենք տարբեր մարզերում իրականացվող այս կարգի գործողություններին և կապ ենք պաշտպանում տեղի մեր գործընկերների հետ: Տվյալ պահին համեմատաբար հանգիստ է Քաջարանում, իսկ առավել վտանգավոր ու պայթյունավտանգ է իրավիճակը Թեղուտում: Ցանկացած տեղ, որտեղ կահագնանա իրավիճակը, մենք անպայման կարձագանքենք», – ասել է նա:
Մխիթարյանի խոսքով՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի շրջանակներում տարածված այս ակցիայի մասին հաղորդագրությանը միացել են մոտ 150-200 քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ բնապահպանները Թեղուտի անտառների համար պայքարում են արդեն երեք տարի: Նրանք բազմիցս նշել են, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրի հետևանքով, որն իրականցվում է «Արմենիան Քափր Պրոգրամ» ընկերության կողմից, Լոռու մարզում ոչնչացվում է պաշտոնական տվյալներով 357 հա, իսկ մասնագետների կարծիքով` ավելի քան 1000 հա անտառ, բազմաթիվ հազվագյուտ կենդանական և բուսական աշխարհի տեսակներ, գետեր, առաջանում է ստորգետնյա ջրերի թունավորման մեծ վտանգ: