Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է առաջարկել բոլոր եվրոպական երկրներին Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել: Այս մասին հայտնում է 1news.az-ը` հղում կատարելով թուրքական Hurriyet-ին:
Պարբերականի տեղեկություններով` ֆրանսիացի առաջնորդը Եվրամիության բոլոր երկրներին առաջարկել է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքել: Պարբերականը հիշեցնում է, որ Եվրամիությունում Գերմանիայի նախագահության օրոք սույն միության երկրներն արդեն ընդունել են ռասայական խտրականության և այլատյացության դեմ հռչակագիրը, ինչպես նաև Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Այժմ Ֆրանսիան մտադիր է Եվրամիության օրակարգ մտցնել նաև Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և դրանով իսկ կապել այն Հոլոքոստի հետ: Ինչպես հայտնում է պարբերականը, եվրոպական երկրները դեռևս չեն արձագանքել այս առաջարկին: