Հունվարի 6-ին Վատիկանի կարդինալի աստիճան ստացած 22 հոգևորականների կենսագրությունները, ինչպես պարզվել է, արտատպվել են «Վիքիպեդիա» էլեկտրոնային հանրագիտարանից, գրում է The Guardian-ը: Վատիկանը կարդինալների կենսագրությունները ուղարկել է լրագրողներին, որոնք էլ նկատել են գրագողության փաստը:
Մասնավորապես, նրանք նկատել են, որ հոդվածները գրված են Վատիկանի սովորական պաշտոնական տեքստերին չհամապատասխանող ոճով: Բացի դա, քանի որ հոդվածները նույնությամբ արտատպվել են համացանցից, շատ կարդինալներ դրանցում ներկայացված են որպես կաթոլիկներ:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ հոգևորականների կենսագրությունների արտատպումը ժամանակավոր բնույթ է կրում և շտապողականության արդյունք է, և որ պաշտոնական կենսագրությունները ժամանակի ընթացքում կտեղադրվեն Վատիկանի պաշտոնական կայքում:
Ինչպես նշում է պարբերականը, Վատիկանի կողմից կենսագրությունների արտատպումը լրագրողների շրջանում շփոթմունք է առաջացրել այն պատճառով, որ Վատիկանը տիրապետում է աշխարհի ամենախոշոր գրադարաններից մեկին, որը պարունակում է 1,6 մլն գրքի և ավելի քան 180 հազար ձեռագրերի: