Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին 3-րդ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվել է Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա երեկոյի ընթացքում: Նշենք, որ Մեսսին դարձավ ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին ֆուտբոլիստը, ով այս մրցանակին է արժանանում երրորդ տարին անընդմեջ: Մինչ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ երեք անգամ ճանաչվել էին միայն բրազիլացի Ռոնալդոն և ֆրանսիացի Զինեդին Զիդանը:
Մեսսին, ով 2011 թվականի ընթացքում «Բարսայի» կազմում խփել է 55 գնդակ, իսկ Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է 4 գոլի հեղինակ, աշխարհի բոլոր հավաքականների մարզիչների և ավագների քվեարկության արդյունքում հավաքել է միավորների 47,88 տոկոսը: Երկրորդ մրցանակն է շահել Պորտուգալիայի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ստացել է ձայների 21,6 տոկոսը: Երրորդը Մեսսիի բարսելոնյան խաղընկեր Չավին է՝ 9,23 տոկոս:
«Այս մրցանակն ինձ համար առանձնահատուկ է, քանի որ այն ես ուզում եմ կիսել իմ խաղընկեր Չավիի հետ: Նա արժանի է դրան», – մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Մեսսին:
Աշխարհի լավագույն մարզիչ է ճանաչվել «Բարսելոնայի» «ուղեղ» Պեպ Գվարդիոլան, ով առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնից և «Ռեալի» մարզիչ Ժոզե Մուրինյոյից:
Վերջինս, ինչպես նաև Կրիշտիանու Ռոնալդուն չեն մասնակցել մրցանակաբաշխությանը, քանի որ «Ռեալը» վաղը գավաթային հանդիպում է անցկանցում «Մալագայի» հետ:
Աշխարհի լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել ճապոնուհի Հոմարե Սավան, ով առաջ է անցել վերջին հինգ տարվա լավագույն ֆուտբոլիստուհի Մարթայից:
2011 թվականի ամենագեղեցիկ գոլ է ճանաչվել բրազիլացի «Սանթոսի» հարձակվող Նեյմարի գնդակը, որը նա խփել էր «Ֆլամենգոյի» դարպասը: Նեյմարն այդ գոլի համար արժանացել է Ֆերենց Պուշկաշի մրցանակի: