Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր առաջադրվել է որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու: Այս մասին գրանցվելուց հետո Epress.am-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է ինքը` Միքայելյանը:
Այս պահին, Միքայելյանից բացի, որպես քաղաքապետի թեկնածու է գրանցված նաև Հրադզանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը:
Միքայելյանն ասել է, որ այս պահին դեռևս որոշված չէ, թե ով է ղեկավարելու իր նախընտրական շտաբը:
Այն հարցին, թե արդյոք ինքն ակնկալիք ունի, որ Հրազդանում ընտրություններն արդար կանցնեն, Միքայելյանն ասել է. «Կաշխատենք անցկացնել ազատ և արդար ընտրություններ, անարդարության դեմն առնելու ենք»:
Իրեն լուրջ մրցակից Սասուն Միքայելյանը ոչ մեկին, այդ թվում` Արամ Դանիելյանին չի համարում:
Մեր այն հարցին, թե ինչ տարբերություն կա այսօրվա Սասուն Միքայելյանի և պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև (Սասուն Միքայելյանը վերջին անգամ պատգամավոր էր ընտրվել 2007 թվականին, իսկ 2008 թվականի մարտի 1-ից հետո նրան զրկել են պատգամավորական մանդատից և անձեռնմխելիությունից) մեր զրուցակիցը պատասխանել է, որ նման տարբերություն չկա, քանի որ ինքը «միշտ իր տեսակետն ու իր հայացքներն է ունեցել»:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը եղել է Հրազդանի առաջին քաղաքապետը, իսկ Արամ Դանիելյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից: