Home / Հայաստան / Նորվեգիան քննադատել է Թուրքիային մամուլի ազատությունը սահմանափակելու համար

Նորվեգիան քննադատել է Թուրքիային մամուլի ազատությունը սահմանափակելու համար

Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը դրական է արտահայտվել Թուրքիայում ժողովրդավարության առաջընթացի կապակցությամբ, սակայն միաժամանակ բացասական վերաբերմունք է հայտել խոսքի և մամուլի ազատությունների խնդրի վերաբերյալ, գրում է Hurriyet Daily News-ը:

«Չնայած վերջին տարիներին մարդու իրավունքների և կանանց իրավունքների հարցում շոշափելի առաջընթացին, Թուրքիան կանգնած է խոսքի ազատ արտահայտման խնդիրների առջև, ինչը նշում են նաև շատ այլ պետություններ: Այն հարցը` արդյոք լրագրողներն ազատ են գործում, նույնպես կասկածի տակ է դրված», – երեկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկի հետ զրույցում ասել է Ստոլտենբերգը:

Չիչեկն այս դիտարկմանն ի պատասխան ընդգծել է այն փաստը, որ վերջին շրջանում Թուրքիայում կալանավորված լրագրողների մեծ մասը բանտում է հայտնվել ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու և ոչ թե լրագրողական գործունեության համար: Նա մեղադրել է եվրոպական երկրներին Քրդական բանվորական կուսակցության դեմ պայքարելու հարցում Թուրքիային օգնություն չցուցաբերելու մեջ:

«Լրագրողների հարցում սխալ գնահատական է տրվում: Նրանք բանտում են ոչ իրենց աշխատանքի համար: Նրանք բանտում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, փաստաթղթերի կեղծման և այլ ապօրինի գործունեության համար: Նրանց որպես լրագրող գնահատելը լուրջ սխալ կլիներ», – ասել է նա:

Նշենք, որ Թուրքիայում ներկայումս մոտ 60 լրագրող անազատության մեջ են գտնվում Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված Քրդական Բանվորական կուսակցության հետ համագործակցելու մեղադրանքով:

Լուսանկարը` wikipedia.org