Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը սպասարկում է 60 անօթևանների և 250 ծերերի: Շուրջ տարի անօթևանների կացարանում և ծերանոցում բոլոր տեղերը զբաղված են:
«Եթե անգամ 1000 տեղ ունենանք, միևնույն է տեղերը էլի չեն բավականացնի», – Epress.am-ի հետ զրույցում ասել է թիվ 1 տուն-իտերնատի տնօրեն Արմեն Գյուրջյանը:
Վերջինս պատմել է, որ անօթևանները կացարանում հայտնվում են տարբեր եղանակներով՝ բնակիչների, ոստիկանների ահազանգերով, համապատասխան մարմինների դիմումներով, լինում են դեպքեր, երբ անօթևանն ինքն է գալիս և ցանկություն հայտնում տեղավորվել կացարանում:
«Դիմողները շատ-շատ են, տեղերը՝ խիստ սահմանափակ: Վիճակն առավել դժվարանում է հատկապես ձմռան ամիսներին, երբ անօթևանների թիվը կտրուկ աճում է: Պատճառը ցուրտն է, իսկ մարդիկ պատսպարվելու տեղ չունեն և ճարահատյալ դիմում են մեզ: Համեմատաբար ավելի հեշտ է ամռան ամիսներին. տաք եղանակով պայմանավորված նրանցից շատերը հոգում են իրենց կարիքներն ու մեզ չեն դիմում: Սրա արդյունքում էլ այդ ամիսներին տեղերը բավականացնում են», – նշել է Գյուրջյանը:
Նրա խոսքով՝ այս տարի իրենց հոգսը զգալիորեն թեթևացել է, քանի որ քաղաքապետարանի միջնորդությամբ նմանատիպ հիմնարկություն է բացվել , որտեղ տեղավորում են և սպասարկում են անօթևանների: Նա տեղեկացրել է, որ իրենց անօթևանների կացարանում, ըստ օրենքի, կարելի է բնակվել 60 օր:
«Տարիքային սահմանափակում չկա, ունենք 17-ից մինչև 63 տարեկան անօթևաններ: Այն տարեցները, ովքեր 63-ն անց են և սահմանված օրենքով ծերունական թոշակ են ստանում, ինքնաբերաբար անօթևանների կացարանից տեղափոխվում են ծերանոց: Վիճակն առավել դժվար է երիտասարդների պարագայում, քանի որ մեր պարտավորությունների մեջ է մտնում 60 օրվա ընթացքում նրանց աշխատանքով ապահովելը», – պատմել է նա:
Ըստ Գյուրջյանի՝ իրենք համագործակցում են Նուբարաշենի խոզաբուծական ֆերմայի հետ, և մեծ թվով անօթևաններ այժմ աշխատում են այդ ֆերմայում:
«Մենք նույնպես նախատեսել ենք տնտեսություն հիմնել, ինչն աշխատատեղեր կստեղծի մեր անօթևանների համար», – նշել է նա:
Այս կացարան ընդունվող յուրաքանչյուր ոք ենթարկվում է վարակազերծման, անցնում է մի շարք բժշկական հետազտություններ, ստանում է նոր հագուստ, ապահովվում սննդով ու մահճակալով:
«Մեր կացարանում գործում է նաև հոգեբույժի ծառայությունը և անօթևաններից յուրաքանչյուրն անպատճառ պետք է անցնի հոգեբույժի կոնսուլտացիան: Եթե հոգեկան շեղումներ են հայտնաբերվում, մեր ահազանգով շտապ օգնությունը նրանց տեղափոխում է հոգեբուժարան», – պատմել է Գյուրջյանը:
Գյուրջյանի հավաստմամբ՝ անօթևաններից յուրաքանչյուրը հոգեկան լուրջ դրամա է ապրում, յուրաքանչյուրն ունի իր կյանքի տխուր պատմությունն ու որքան անօթևան՝ այնքան էլ խեղված ճակատագիր կա:
Ըստ նրա՝ բոլորովին այլ է պատկերը ծերերի պարագայում:
«Ծերանոցում հայտնվում են ուղեգրով, որը տրամադրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Դժվարանում եմ ասել` իրենց ցանկությամբ են այս մարդիկ հայտնվում ծերանոցում, թե զավակների կամ բարեկամների: Լինում են դեպքեր, երբ ընդունելությունների ժամանակ երեխաներն են բերում ու թողնում ծնողներին: Շատ դեպքերում ծերերն առանց որևէ մեկի օգնության են գալիս՝ իրենց ոտքով, հաշվի առնելով այն հանգանմանքը, որ ավելի լավ է բնակվել ծերանոցում, քան մնալ տանն ու վեճերի, պրոբլեմների պատճառ դառնալ: Գերակշռող մասը տղամարդիկ են՝ գրեթե 60%-ը», – ասել է նա:
Գյուրջյանը նշել է, որ իրենք չեն սահմանափակում այս մարդկանց իրավունքները՝ նրանցից յուրաքանչյուրն ազատ է և կարող է ցանկացած պահի՝ իր թույլտվությամբ դուրս գալ, շրջել քաղաքում ու նորից վերադառնալ:
«Տարեցներն իրենց շատ ավելի լավ են զգում՝ ներքուստ գիտակցելով, որ այս քայլով իրենք խուսափել են տարատեսակ ընտանեկան կոնֆլիկտներից ու խնդիրներից, ու չնայած դրան նրանցից յուրաքանչյուրը թաքուն հույս է փայփայում, որ մի օր իրեն տուն կտանեն»,- եզրափակել է Գյուրջյանը: