Բրիտանիան պետք է ասի Վլադիմիր Պուտինին, որ նրա մասնակցությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերին չի ողջունվում, քանի դեռ Ռուսաստանը խելամիտ ջանքեր չի գործադրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին հայտարարել է Անգլիայի խորհրդարանի պատգամավոր Դենի ՄաքՇեյնը, ով ստորին պալատի անունից կոչ է արել կառավարությանը հայտնել Պուտինին, որ նրա այցը խաղերին անցանկալի է:
Ակնկալվում է, որ պետությունների տասնյակ առաջնորդներ հուլիսի 27-ին կժամանեն Լոնդոն` մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կղեկավարի արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է Guardian-ը, չորեքշաբթի տեղի ունեցած խորհրդարանական քննարկումների ժամանակ ՄաքՇեյնը պնդել է, որ կոալիցիան պետք է «խիստ ազդանշան» ուղարկի Մոսկվային երկրում օրենքի իշխանություն հաստատելու հարցում նրա մշտական թերացումների վերաբերյալ:
ՄաքՇեյնը վկայակոչել է նաև այն փաստը, որ Պուտինը անձնապես արգելել է պատշաճ հետաքննություն անցկացնել Բրիտանիայի քաղաքացի Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության վերաբերյալ, որը մահացել էր 2006 թվականին: Հիշեցնենք, որ, համաձայն մամուլի բազմաթիվ հրապարակումների, նա նախկինում եղել էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ և վերացվել է պաշտոնական Մոսկվայի գիտությամբ:
«1980 թվականին Տիկին Թեթչերը (Մեծ Բրիտանիայի վարչապետ – խմբ.) խիզախություն ունեցավ «ոչ» ասելու Մոսկվայի Օլիմպիական խաղերին (այս քայլը հաջորդեց Խորհրդային ուժերի ներխուժմանը Աֆղանստան): Կարծում եմ, եթե պարոն Քեմերոնը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ – խմբ) ցանկանում է օրինակ վերցնել Երկաթե Տիկնոջից, պետք է ասի «ոչ» պարոն Պուտինին»: Այլապես Պուտինը ևս երկու տարի կօգտագործի Լոնդոնի Օլիմպիայան խաղերը և 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիադան որպես ինքնագովազդ», – նշել է խորհրդարանականը: