Home / Հայաստան / Դինքի սպանության կազմակերպչին սպառնում են բանտում

Դինքի սպանության կազմակերպչին սպառնում են բանտում

Թուրքահայ լրագրող, «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով անցնող մեղադրյալ Յասին Հայալը երեկ Ստամբուլում կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետությունն օգտագործեց իրեն, իսկ այժմ իր կյանքը վտանգված է, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Հայալը հայտարարել է, որ բանտի աշխատկիցները սպառնացել են իրեն և պահանջել, որ նրանց հարցաքննեն: Հիշեցնենք, որ Հայալն այն անձանցից մեկն է, ով աշխատել է 2007 թվականի հունվարի 19-ին Դինքի վրա կրակած Օգյուստ Սամաստի հետ` հանդիսանալով սպանության հիմնական կազմակերպիչներից մեկը:

«Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել է ինձ, և այժմ իմ կյանքին վտանգ է սպառնում, և պետությունը պատասխանատու կլինի, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի», – դատարանում հայտարարել է Հայալը:

Նա նշել է, որ Հրանտ Դինքի սպանության ազգայնական կազմակերպիչները, մասնավորապես, Էրհան Թունչելը, օգտվել են այն փաստից, որ ինքն աղքատության մեջ է ապրել:

«Թունչելն ինձ ասում էր, որ մեր կյանքը կլավանա», – նշել է մեղադրյալը:

Նշենք, որ այժմ Թունչելը մեղադրվում է որպես «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպության մաս, որը հեղաշրջում էր պատրաստում Թուրքիայում:

Հայալը նշել է, որ ինքը չի իմացել, թե Թունչելը պետական գործակալ էր:

«Ես նրան հարգում էի, որովհետև նա «Ալփերեն Օչակլարիի» (աջ ծայրահեղականների խմբավորում) ղեկավարն էր: Ես նրան 2002-ին եմ հանդիպել, և նա ինձ բազմաթիվ մարդկանց հետ է ծանոթացրել, այդ թվում` ոստիկանական սպաների հետ: Նրանց անունները չեմ հիշում: Ես հիմնականում ուղիղ Թունչելի հետ եմ կապ ունեցել, դուք նրան պետք է հարցնեք անունների մասին», – ասել է Հայալը:

Նա նաև պատմել է, որ ներկա է եղել Տրապիզոնում կայացած ազգայնականների հանդիպմանը, որի ընթացքում Օգյուն Սամաստն ընտրվել է որպես Դինքի մարդասպան:

Դատական նիստի ընթացքում Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը հայտարարել է, որ կողմերին տրամադրված հեռախոսազանգերի ցանկն ապացուցում է, որ գործում որպես մեղադրյալ կարելի է ներգրավել նաև 5 այլ անձանց, որոնք ներկա են եղել սպանության վայրի մոտակայքում և խոսել են Սամաստի հետ:

Բացի դա, ըստ Չեթինի, հեռախոսազանգերի ցուցակը  թույլ է տալիս պնդել, որ 14 այլ անձինք կապ են ունեցել մարդասպանի հետ, բայց ներկա չեն եղել սպանության վայրի մոտակայքում, թեև շփվել են Սամաստի և Հայալի հետ:

Փաստաբանի խոսքով` ներկա պահին այդ հեռախոսազանգերի ձայնագրությունները ջնջվել են: Նշենք, որ Թունչելի փաստաբան Էրդողան Սորուքլուն նույնպես համաձայնել է, որ որոշ հեռախոսազանգերի ձայնագրությունները ջնջնվել են:

Դատախազ Հիքմեթ Ուստան չի համաձայնել փաստաբանների հետ` նշելով, որ բոլոր ձայնագրություններն ուղարկվել են ոստիկանություն և դրանք քննության են առնվել: Ուստան նաև հայտարարել է, որ Դինքին չեն սպանել հայ լինելու պատճառով. սպանությունը երկրում գործող ահաբեկչական կազմակերպությունների քաղաքական ավանդույթի մաս է  հանդիսացել: