Home / Հայաստան / Մորմոն թեկնածուն հաղթում է ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններում

Մորմոն թեկնածուն հաղթում է ԱՄՆ նախագահի նախնական ընտրություններում

Երեքշաբթի` հունվարի 10-ին, Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգում 2012 թվականի նախագահական քարոզարշավի շրջանակներում անցկացվել են ներկուսակցական առաջին նախնական ընտրությունները: Ըստ Reuters գործակալության տվյալների` Հանրապետական կուսակցության համակիրների քվեարկության արդյունքների համաձայն` առաջատարն է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ միլիոնատեր մորմոն Միթ Ռոմնին:

CNN հեռուստաալիքի կայքում պարբերաբար թարմացվող տվյալների համաձայն` ձայների 20%-ի հաշվարկման արդյունքում Ռոմնիի արդյունքը 36% է կազմել (ավելի քան 13 հազար մարդ):

Ռոմնիի հակառակորդները հաճախ քննադատում են նրան ֆինանսական ընկերություններից մեկի մենեջեր եղած տարիներին իրականացրած իր գործունեության համար, երբ նա գնում էր խնդրահարույց ընկերություններ, վերակազմավորում դրանք աշխատակիցների կրճատման միջոցով և վերավաճառում մեծ գնով: Քննարկման առարկա են դարձել նաև նրա կրոնական հայացքները: Ռոմնին մորմոն է, և հենց այդ հանգամանքը 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ խանգարեց նրան առաջ անցնել սենատոր Ջոն ՄըկՔեյնից:

Նշենք, որ Հանրապետականների առաջին ներկուսակցական քվեարկությունն անցկացվել է Այովայում հունվարի 3-ին: Այնտեղ նույնպես հաղթանակ էր տարել Ռոմնին` ստանալով ընտրաձայների 24%` ընդամենը 8 ձայնով առաջ անցնելով Ռիկ Սանտորումին:

Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքում ներկայիս նախագահ, և դեմոկրատների թեկնածու Բարաք Օբաման հավաքել է ընտրողների ձայների 81%-ը: