Հայաստանում ստիպում են անգամ փողոցում 100 դրամ հավաքողներին հսկիչ-դրամարկղ ունենալ ու կտրոն տալ, ինչը ծաղրանք է հիշեցնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Փոքր բիզնեսը ամբողջ աշխարհում ապահովում է աշխատուժի 85%-ը, և սրանով պետությունները պայքարում են գործազրկության դեմ: 2010 թվականի մեր հարցումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ընտանիքների 14% արտագաղթ է գրանցվել բիզնեսի փակման կամ աշխատանք կորցնելու պատճառով»,- – նշել է նա:
Ադիբեկյանը խոսել է նաև ներդրումային անբարենպաստ պայմանների մասին.
«Եղվարդի չկառուցված ջրամբարի տեղում հանգստի գոտի ստեղծելու ծրագիր կար, պայմանավորվածություն արդեն կար, մնում էր հողն օտարել որպես ոչ արդյունաբերական: Տարածքը գնահատվեց 40 միլիոն դոլար: Նույն պրոյեկտի նախագծողին Բաթումիի քաղաքապետը տալիս է անվճար 2 հա հող՝ Բաթումի ցանկացած շրջանում, միայն թե հանգստի գոտի կառուցի:
Ղռերում տարածքը 40 միլիոն է գնահատվում ու վաճառվում 20 միլիոնով, իսկ Բաթումիի պես ծովափնյա քաղաքում անվճար են տրամադրում հողը: Այս պատճառով էլ Վրաստանը բարենպաստության առումով 27-րդ տեղում է գտնվում, Հայաստանը՝ 49»: