Հայ ժողովուրդը մնացող, բայց կրճատվող ազգերի ցանկում է: Կանխատեսվում է, որ դարակեսին Հայաստանում կմնա 1,5 միլիոն բնակչություն, այն էլ պարզ չէ՝ բոլորը հայեր կլինեն, թե ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«ՄԱԿ-ի ազգագրագետների գնահատականներով` երկրագնդի ժողովուրդները բաժանվում են 4 խմբի՝ աճող, թվաքանակը պահպանող, թվաքանակը նվազող, բայց չանհետացող և անհետացող ժողովուրդների», – ասել է նա:
Խոսելով հայերի պառակտվածության մասին, Ադիբեկյանը նշել է, որ հայերը չեն կարողանում խմբվել որևէ բանի շուրջ:
«Մեր ազգը խմբային մի պար ունի՝ քոչարին է, այն էլ չոբանների պար է: Մնում է շուրջպարը, այն էլ` մեկը գալիս, պարում ու գնում է, բոլորը ծափ են տալիս», – ասել է Ադիբեկյանը:
Սոցիոլոգը հիշեցրել է, որ Հայաստանում գոյություն ունեցող եզդիական համայնքն աճում է արագ տեմպերով, և 50 տարվա ընթացքում նրանք բավական մեծ թիվ կկազմեն Հայաստանի բնակչության շրջանում:
Համեմատության համար Ադիբեկյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի բնակչության թվաքանակի մասին տեղեկություններ:
«Մեր հաշվարկներով` պետք է կազմի 6 միլիոն, բայց իրենք նշում են 9 միլիոն 116 հազարը: Փորձում են երևալ տնտեսապես և մարդկային ռեսուրսներով ամենահզորը տարածաշրջանում», – ասել է Ադիբեկյանը: