ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի գողություն և յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը, հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Ըստ նախաքննության մարմնի` Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011թթ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարանի» գրապահոց և հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գրքեր։
2011թ. դեկտեմբերի 26-ին հանցավոր խումբը վնասազերծվել է, և ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել: Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ` ապացույցներ են ձեռք բերվել նաև առ այն, որ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլիի դրդմամբ Երևանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել անձնական նպատակներով։
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի` բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում. իսկ մնացած 5-ը, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին և ոստիկանաթյան երկու աշխատակիցներ՝ Ե. և Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող Վ. Ե.-ն և քաղաքացի Կ. Հովհաննիսյանը մեղադրվում են գողություն և գողության փորձ կատարելու մեջ։