Դեկտեմբերի 30-ին հիվանդանոցում մահացել է զինծառայող Հայկ Խաչատրյանը։
Զինծառայողի տատը` Աիդա Ավագյանը, նամակում ներկայացրել է մանրամասները:
«Ո՞վ է պատասխանատու ևս մեկ հայ զինվորի մահվան համար: Ո՞վ է պատասխանատու ևս մեկ հայ ընտանիքի խեղված ճակատագրի համար: Ի՞նչն է պատճառը, որ 21-րդ դարում ջրծաղիկը դարձավ 18-ամյա զինվորի մահվան պատճառ: Բժշկի, հրամանատարի անհոգատարությու՞նը: Բժշկի անգրագիտությու՞նը:
2011 թվականի հունիսի 1-ին Հայկ Մովսեսի Խաչատրյանը զորակոչվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակ: Նա մեծ ոգևորությամբ էր լցված և հենց ինքն էլ իր ծննդյան օրը վերցրեց ուղեգիրը: Ծառայության 6 ամիսների ընթացքում Հայկն արժանանում է բանակի գերազանցիկի կոչման: Որոշ ժամանակ անց հայրը տեղեկանում է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ՝ «դիմային նյարդի բորբոքում» ախտորոշմամբ:
2011 թվականի դեկտեմբերի 28-ին որդուն հերթական այցելության ժամանակ նա գտնում է Հայկին հիվանդանոցի սենյակներից մեկում լքված: Հարցին, թե կերել է արդյոք ինչ-որ բան այդ օրը, Հայկը պատասխանում է՝ միայն թեյ, որը նրան տվել է հարևան զինվորներից մեկը:
Դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 5-ին Հայկի մոտ որովայնի շրջանում սկսվում են ուժեղ ցավեր, այդ թվում նաև էպիլեպսիկ դրսևորումներ, նա երբեմն ընկնում է ցնցումների մեջ: Բժիշկներն ասում են, որ նրա մոտ կա կույր աղիքի բորբոքում, և որ նա պետք է մնա իրենց հսկողության տակ, որպեսզի հարկ եղած ժամանակ ենթարկվի վիրահատության: Նաև հարցնում են՝ երեխան արդյոք հիվանդ չէ էպիլեպսիայով: Նշենք, որ այդ ժամանակ արդեն հայտնի է եղել, որ Հայկի մոտ կա նաև ջրծաղիկի վարակ:
Նրան ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու հոր հորդորները մերժվում են այն պատճառաբանությամբ, որ նախ պետք է լուծել կույր աղիքի խնդիրը այնուհետև զբաղվել ջրծաղիկի բուժմամբ:
Այնուամենայնիվ, հոր շարունակվող հորդորներից, սպառնալիքներից հետո, առավոտյան հրավիրված բժշկական խորհրդակցության արդյունքում՝ Հայկը տեղափոխվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հետազոտությունից հետո պարզվում է, որ Հայկի մոտ առկա է ջրծաղիկ հիվանդություն՝ իր ծայրահեղ բարդացած վիճակով:
Բժշկի խոսքերով՝ նրա մոտ արդեն ախտահարված էին համարյա բոլոր ներքին օրգանները, այդ թվում նաև ուղեղը, և նրա կյանքը փրկելու հույս գրեթե չկար: Արդեն պարզ է դառնում որովայնի շրջանում ցավերի և վերջին օրերի էպիլեպտիկ երևույթների իրական պատճառը: Նաև նշենք, որ որդու հետ խոսակցությունների ժամանակ հայրը պարզել է, որ զորամասում Հայկի՝ առողջական վիճակից բողոքներին ի պատասխան, նրան մեղադրել են «սիմուլյանտության» մեջ և ստիպել են վազել 10 կիլոմետր:
Դեկտեմբերի 30-ին գիշերը ժամը 23:40-ին Հայկը վախճանվում է՝ թողնելով անպատասխան հարցերի մի շարան»։
ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանի փոխանցմամբ` փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատամամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Առայժմ ձերբակալվածներ չկան:
Նամակը ներկայացրել է «Ա1+»-ը: