ՌԴ Իրավապահ մարմինները բերման են ենթարկել Il Pittore իտալական ռեստորանի հայազգի սեփականատեր Սուրեն Մկրտչյանին, ում հաստատությունում հունվարի 9-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 30-ը տարբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:
Նա կասկածյալի կարգավիճակ է ստացել և այժմ հարցաքննություն է անցնում: Այսօր դատարանը կքննի գործարարի ձերբակալության հարցը:
Հիշեցնենք, որ երկհարկանի ռեստորանում հունվարի 9-ին 15:25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով շենքը մասնակիորեն փլուզվել էր, հաստատությունում հրդեհ էր բռնկվել:
Պայթյունի պահին այնտեղ տարբեր տվյալներով 50-60 մարդ է եղել:
ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտարարել է, որ ռեստորանին կից փայտե շինությունը, որտեղ տեղակայված են եղել գազի բալոնները, ապօրինաբար է կառուցվել և որ քննիչներն արդեն իսկ գիտեն այն մեղավորներին, ովքեր չեն պահպանել անվտանգության կանոնները:
Նշենք, որ այս ռեստորանի հետ կապված երեկ սկանդալային պատմություն էր բացահայտվել, համաձայն որի, տարիներ առաջ Il Pittore ռեստորանի սեփականատեր Սուրեն Մկրտչյանը ապօրինաբար խլել էր հաստատությունը իր հայրենակից Ռաֆայել Գրիգորյանից: Վերջինիս խոսքով` նոր սեփականատերերը ամեն ինչում էին տնտեսում` խախտելով անվտանգության տարրական կանոնները: