Հայաստանում ԵԽ գրասենյակից երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել են, որ հունվարի 16-ին և 17-ին Հայաստանում են լինելու ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը։
Թերթի թղթակցի այն հարցին, թե որն է այցի նպատակը, գրասենյակից պատասխանել են՝ ԵԽԽՎ թիվ 1837 բանաձևի պահանջների կատարման ընթացքին ծանոթանալը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը հետեւելը, Հայաստանում իրականացվող մոնիտորինգային գործընթացի առաջնահերթությունների որոշումը։
Համազեկուցողները, ինչպես հայտնել են ԵԽ հայաստանյան գրասենյակից, հանդիպելու են Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Հատուկ քննչական ծառայության ղեկավարի, հասարակական կազմակերպությունների հետ։ Հարցին՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, ԵԽ գրասենյակից պատասխանել են. «Դեռ հայտնի չէ»:
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, «ՀԺ»-ին ասել է, որ՝ այո, իրենք անպայման դիմելու են ԵԽ գրասենյակ և համազեկուցողների հետ հանդիպում են խնդրելու։
«Բայց չգիտեմ, նրանք մեզ հետ կհանդիպե՞ն, թե ոչ»,– ասել է Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստան կատարած իրենց վերջին այցի ժամանակ համազեկուցողները չէին հանդիպել զոհերի հարազատների հետ՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը։
Թերթի տեղեկություններով, համազեկուցողները հանդիպումներ են ունենալու նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։