«Հրապարակ» օրաթերթը գրավոր հարցեր է ուղղել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին` կապված Նոր տարվա միջոցառման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից Սերժ Սարգսյանին նվիրած ադամանդների պատմության հետ, որոնք պատում էին նվիրաբերված հովազի արձանիկի վիզը։
Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29 հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձը չպետք է ընդունի նվեր, որը գերազանցում է 100 հազար դրամը, կամ էլ այն պետք է տրամադրի բարեգործության համար:
Օրաթերթն իր հարցման մեջ գրել է, որ ընթերցողները ցանկանում են իմանալ՝ ինչ արժողության են այդ ադամանդները, և արդյոք դրանց արժեքը չի գերազանցում բարձրաստիճան պաշտոնյաներին թույլատրելի նվերի շեմը՝ 100 հազար դրամը:
«Հրապարակ» օրաթերթը ՀՀ նախագահի մամուլի խոսնակին նաև հարցրել է, թե պատրաստվո՞ւմ է Սերժ Սարգսյանը հետ վերադարձնել ադամանդները՝ օրինակ ծառայելով մյուս պաշտոնյաներին։
«ՀՀ նախագահի կողմից ստացված նվերների ճակատագիրը, բնականաբար, որոշվել և որոշվում է ՀՀ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան»,– իր պատասխանում նշել է մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։
«Ասել է թե նախագահականում չեն բացահայտում ադամանդների արժեքը և ավելորդ են համարում հանրությանը տեղեկացնել՝ ինչ արժողության նվեր է ստացել ՀՀ նախագահը և ինչ է պատրաստվում անել դրա հետ։ Չի բացառվում, որ փորձաքննության են ենթարկում ադամանդները՝ ստուգելու դրանց իսկությունն ու մաքրության աստիճանը», – գրում է «Հրապարակը»:
Օրաթերթը նաև զանգահարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանին` խնդրելով պարզաբանել, թե արդյոք անդամանդները վերադարձվել են Գագիկ Ծառուկյանին: Մհերյանը հրաժարվել է ասել՝ վեդադարձվել են, թե ոչ։
«Դա կուսակցության հետ ինչ կապ ունի, դա նվեր է, ես ինչ գիտեմ» – ասել է Մհերյանը:
Թերթի թղթակիցը նաև հարցրել է, թե որն է ԲՀԿ առաջնորդի նպատակը նման թանկարժեք ադամանդներ նվիրելու՝ պնդելով, որ պետք է ինչ-որ կերպ բացատրվի հանրությանը, թե ինչու է հանրապետության նախագահին նման թանկարժեք նվեր մատուցվում։
«Ինչո՞ւ պիտի բացատրվի հանրությանը, էդ ինչ մի բացատրելու բան է։ էդ ո՞վ է բացատրություն պահանջում ումից», – հակադարձել է ԲՀԿ մամուլի խոսնակը՝ հավելելով, թե դա կուսակցության հետ չի առնչվում, և ինքը չի կարող պատասխան տալ։