Հուլյան տոմարին անցնելուց հետո Խորհրդային Միությունում մարդիկ կամ, լավ չըմբռնելով տոների փոփոխությունը, կամ ավանդույթի ուժով շարունակեցին նշել հին Նոր տարին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Հուլյան տոմարը շատ փոփոխություններ է բերել մեր կենցաղ: Նույնիսկ կրոնական տոներում, որոնք բոլորովին այլ տրամաբանությամբ են զարգանում, մեր բնակչությունը, մասնավորապես, Թալինում, Վայքում և որոշ վայրերում, որոշ տոներ նշել է հին տոմարով: Օրինակ՝ Վայքում Տեառնընդառաջը երկար ժամանակ, նույնիսկ այսօր էլ նշում են ոչ թե փետրվարի 14-ին, այլ՝ 13 օր հետո», – պատմել է տիկին Խառատյանը:
«Մեր կենցաղ է մտել հին Նոր Տարի արտահայտությունը, և մարդիկ լրացուցիչ հանդիպումների, տարին ճանապարհ դնելու և իմաստավորման փորձեր են անում: Կարծում եմ, որ դա անցողիկ երևույթ է», – նշել է ազգագրագետը:
Խառատյանը հավաստում է, որ քաղաքացիական տոնացույցերի փոփոխություններից հետո երբեմն եղել են նմանատիպ փոփոխություններ:
«Միջնադարից եկած ավանդույթի համաձայն` Նոր տարին հաճախ փոփոխվել է: Տոմարական փոփոխություններից հետո Նոր տարվա ծեսերի զգալի մասը կամ մնացել է հնում, կամ փոփոխվել է տարեկան մի քանի անգամ, և բոլոր սեզոններին հանդիպում են Նոր տարվան բնորոշ ծիսական գործողություններ», – նշել է նա:
Խառատյանի խոսքով` հունվարի 13-ին հին Նոր տարին նշելու երևույթը ժամանակի հետ մարելու է, և այդ 13 օրերի փոփոխության հետ որոշ երևույթներ կմնան, որոնք արդեն որևէ կապ չեն կարող ունենալ Նոր տարվա հետ: