2012թ. հունվարի 10-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է երկու նոր վճիռ` պաշտպանելով համոզմունքի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողների իրավունքները, ասված է Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:
«Հայկ Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» և «Աշոտ Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ դիմածները Եհովայի վկաներ են։ Այս վճիռները հաջորդել են 2011թ. հուլիսի 7-ին «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ Մեծ պալատի կողմից կայացված վճռին, որում դատարանը հանգել է այն եզրակացության, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը ամբողջությամբ պաշտպանվում է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով (մտքի, խղճի և կրոնի ազատություն)։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Հայաստանին 20 հազար եվրո վճարել:
Հայկ Բուխարատյանն ու Աշոտ Ծատուրյանը 2003թ.-ին Հայաստանի իշխանությունների կողմից դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման՝ զինծառայությանը մասնակցելուց հրաժարվելու համար: Նրանք դիմում էին ներկայացրել ՄԻԵԴ Վահան Բայաթյանի հետ գրեթե նույն ժամանակահատվածում։
Հիմնվելով «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի վրա՝ ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար Բուխարատյանին և Ծատուրյանին դատապարտելով և ազատազրկելով՝ Հայաստանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը։ Հայաստանին պարտավորեցրել են յուրաքանչյուր դեպքում վճարել 10 հազարական եվրո (6 հազարը դիմումատուին և 4 հազար որպես փաստաբանի ծախսի փոխհատուցում):
Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են անտեսել ՄԻԵԴ-ի ցուցումները, և վերջերս դատապարտել են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող ևս հինգ երիտասարդի։
Այդ անձանց շահերի պաշտպան Շեյն Բրեյդին այդ կապակցությամբ նշել է.
«Այս երկու վճիռները հրապարակվեցին ճիշտ ժամանակին։ Հուսով ենք, որ այժմ Հայաստանի իշխանությունները կվերանայեն իրենց դիրքորոշումը և ազատ կարձակեն 58 երիտասարդներին, ովքեր ազատազրկված են որպես խղճի կալանավորներ»։