Երեկ 200-ից ավելի մարդ էր մասնակցում Թեղուտ կատարած բնապահպանական ակցիային: Միջոցառումը կազմակերպվել էր բնապահպան ակտիվիստների կողմից, սակայն դրան մասնակցում էին քաղաքական գործիչներ, արվեստագետներ, այդ թվում` «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Ակցիան նպատակ ուներ ավելի հասկանալի դարձնել Թեղուտի խնդիրը և հանքի շահագործման վտանգավորության աստիճանի մասին իրազեկել խնդրից անտեղյակ մարդկանց:
Ակցիայի ընթացքում բնապահպանները մասնակիցներին բացատրեցին, թե հանքի շահագործման մասին համապատասխան որոշումը ինչ իրավական խախտումներով է ընդունվել. 2007 թվականին կառավարության ընդունած որոշմամբ Թեղուտ և Շնող գյուղերի հարակից ավելի քան 270,000 հա համայնքային տարածքը հանձնվել էր «Արմենիա Քափըր Փրոգրամ» ընկերությանն առանց մրցույթի, ինչը դեմ է ՀՀ հողային օրենսգրքի հողի հատկացումների մասին հոդվածին. այդպիսի հատկացում կարող է անել միայն համայնքի ղեկավարը կամ մարզպետը` մրցութային կարգով:
Որոշումը խախտել է նաև Հայաստանի կողմից ընդունված Օրհուսի կոնվենցիան, որի համաձայն հանրությունը իրավունք ունի բնապահպանական հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ և մասնակցել որոշումների կայացմանը:
Ինչպես ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, որոշումը մշակելուց տասնապատիկ մեղմ է հաշվարկվել էկոլոգիական վնասը, քիչ է ներկայացված անտառի բուսական ու կենդանական հարստությունը, թփերով և խոտածածկով տարածքը դուրս է բերվել անտառային հաշվեկշռից:
Սանասարյանի խոսքով` փոխարենը, որոշումը վառ գույներով է ներկայացնում հանքից ստանալիք եկամուտը, որը 24 տարվա ընթացքում կազմելու է 20 միլիարդ դրամ, սակայն միայն 600 միլիոնն է հարկերի միջոցով տրամադրվելու պետությանը:
Համաձայն օրենքի, Հայաստանում հանքարդյունաբերությունը շատ քիչ է հարկվում, բացի դա` 0 դրամ հարկ է նախատեսվում առաջացած թափոնների համար:
Ակցիայի մասնակիցների առաջին կանգառը Վանաձորում էր: Քաղաքապետարանին հարակից հրապարակում անկացվեց ակցիա, բնապահպանները կոչ արեցին մարդկանց միանալ իրենց և թույլ չտալ Թեղուտի անտառում հանքի շահագործումը:
Վանաձորցիների մի խումբ միացավ դեպի Թեղուտ արշավին:
Ակցիայի մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար ավտոբուսներին առաջնորդում էին ոստիկանական մեքենաները: Ոստիկաններն ակցիայի կազմակերպիչներից հարց ու փորձ արեցին և, պարզելով, որ արշավը ընդամենը գնում է Թեղուտի հանքը տեսնելու համար, ուղեկցեցին մինչև Շնող գյուղ, որտեղից ճանապարհը դեպի բուն հանք փակ էր` հենց հանքի տարածքի մոտ կառուցված էր պատնեշ: Պատնեշի մոտ հավաքվել էին հանքի մոտ 100 աշխատողները, որոնք կողմ են դրա շահագործմանը: Նրանք ձեռքներին պահել էին «Փրկեք Թեղուտը կեղծ բնապահպաններից», «Ալավերդին Թեղուտի հետ է» պաստառներ:
Սակայն, ոչ բոլոր թեղուտցիներն էին կիսում հանքի աշխատակիցների տեսակետը: Բնապահպանների հետ զրուցելու եկած մի խումբ թեղուտցիներ ասացին, որ գիտակցում են հանքի վտանգները և կցանկանային, որ էկոլոգիապես անվնաս հիմնարկներ բացվեին իրենց գյուղում, կամ հող հատկացվեր` գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
«Բայց բան չես փոխի արդեն: Անտառի մոշն ու մալինան էր մեր ապրուստի մի միջոցը, հիմա անտառը կտրել են, հանքն էլ չլինի, ինչո՞վ ենք ապրելու, գյուղը դատարկվում է, բոլորը գնում են Ռուսաստան, իսկ հանքում գոնե մի 100 աշխատատեղ կա», – բնապահպանների հետ զրույցում ասել է Թեղուտի բնակիչներից Մհեր Ենոքյանը:
Նրա խոսքով` աշխատողները 50-60 հազար դրամ են ստանում, ինչը նրանց հնարավորություն է տալիս ապրել:
Հնարավոր վիճաբանություններից խուսափելու համար` բնապահպանները որոշեցին չմոտենալ պատնեշի մոտ կանգնած մարդկանց, այլ մտան Թեղուտ գյուղ և հանդիպում պահանջեցին «Թեղուտ» ՓԲԸ տնօրենի հետ: Բնապահպաններին դիմավորեց ընկերության գլխավոր մարքշեյդեր (հանքարդյունաբերության ոլորտի ինժեներ) Վարդգես Թովմասյանը, ով վստահեցրեց, թե ոչ մի անօրինականություն իրենք չեն անում: Բնապահպանները խնդրեցին նրան բացատրել իրենց տարածք չթողնելու իրավական հիմքերը, ինչը նա չարեց, որից հետո Թովմասյանին հանձնեցին Օրհուսի կոնվենցիան, որին մարքշեյդերը խոստացավ ծանոթանալ:
Հետդարձի ճանապարհին` բնապահպանները կանգ առան Ախթալա վանքի մոտ տեսնելու դրան կից շահագործվող պոչամբարը: Պարզ երևում էր, որ վերևում գտնվող գործարանի թափոնները լցվում են Դեբետ տանող առուները:
Հակոբ Սանասարյանը հայտնել է, որ Ախթալայի պոչամբարը մոտ տասն անգամ ավելի փոքր է Թեղուտում կառուցվելիք հանքից, որի շահագործումը նույն թույները կառաջացնի` ցինկ, կապար, մկնդեղ, ինչը վնասակար է շրջակա միջավայրի և մարդկանց համար:
Ակցիայի մասնակիցներից շատերը նշեցին, որ, տեսնելով պոչամբարը, իրենք ավելի վճռական կլինեն Թեղուտի հանքի շահագործման դեմ պայքարելու գործում: