Մի խումբ հասարակական կազմակեպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ բաց նամակ են հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պահանջելով դադարեցնել «Փակ շուկայում» սկսված շինարարական աշխատանքները։
«Փակ շուկան 2004թ. հոկտեմբերին ընդունված Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում է ընդգրկվել` 152 համարի տակ: Հետևաբար պետք է պահպանվի պետության կողմից»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է նամակի հեղինակ, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի տնօրեն Սեդրակ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` «Փակ շուկայում» շինարարական աշխատանքները սկսվել են առանց քաղաքապետարանի թույլտվության, մինչդեռ մշակութային կոթողների դեպքում շինարարական ձևափոխումները ոչ միայն քաղաքապետարանի, այլև Մշակույթի նախարարության համաձայնությունը պետք է ստանան:
Տվյալ դեպքում ոչ Մշակույթի նախարարությունը, ոչ քաղաքապետարանը որևէ հայտարարություն չեն արել:
«Հնարավոր է` շատ լավ բան են անում, Մշակույթը պարտավոր է արձագանք տալ: Դռները փակել են, պատը ջարդել են, որպեսզի հնարավոր լինի տեխնիկա մտցնել շուկա: Քանդել են շուկայի շատրվանը»,- ասել է Բաղդասարյանը` հիշեցնելով, որ այսպիսի փոփոխություններով խաթարվում է մշակութային կոթողի տեսքը:
Ըստ hուշարձանների պաշտպանության մասին ՀՀ օրենքի` արգելվում է հուշարձանների վրա փոփոխությունների անել կամ տեղափոխել դրանք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց սպասվում է փլուզում չտեղափոխելու դեպքում:
«Մեր երկրում օրենքը չի գործում, քանի դեռ կան հարուստներ` ի դեմս Գագիկ Ծառուկյանի և Լֆիկ Սամոյի»,- ասել է Սեդրակ Բաղդասարյանը` հիշեցնելով, որ Գագիկ Ծառուկյանը վաճառել է Փակ շուկան Սամվել Ալեքսանյանին:
Բաղդասարյանի տեղեկություններով` Փակ շուկայի տակ կառուցվելու է երկու ստորգետնյա ավտոկայան, պահեստներ և սուպերմարկետ:
Նշենք, որ վարչապետին ուղղված նամակի տակ ստորագրել են «Թրանսփերենսի Ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն ՀԿ-ն, «Հին և նոր քաղաք» հիմնադրամը, «Մեր քաղաքը ՀՔՆ»-ն, «Մենք ենք այս քաղաքի տերը» ՔՆ-ն, «Պահպանե՛նք Հանրապետության հրապարակը» ՔՆ-ն, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն, «ՈւրբանԼաբԵրևան» և «Փրկենք հուշարձանները» նախաձեռնությունները։
Լուսանկարը Facebook-ում տեղադրել է Hayk Bianjyan օգտատերը