1912 թվականին «Տիտանտիկ» նավի խորտակումից ուղիղ հարյուր տարի անց` 2012 թվականի առաջին ծովային խոշոր վթարը տեղի ունեցավ Իտալիայի ափերի մոտ: Costa Concordia-ի վթարը դարձավ տարվա առաջին խոշոր աղետը, որն այս օրերին գրավում է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը: Բրիտանական The Daily Mail-ը հրապարակում է նավի տարածքում աշխատող ջրասույզների կողմից արված լուսանկարները, նրանք շարունակում են որոնել նավից դուրս նետված և այժմ անհայտ կորած համարվող ուղևորներին:
Պաշտոնապես հստակեցված տվյալների համաձայն, անհայտ կորած են համարվում 29 անձինք: Ջրասույզները ստիպված են եղել պայթեցնել զբոսանավի կորպուսներից մեկը, որպեսզի կարողանան մուտք գործել նախկինում չուսումնասիրված հատվածները:
Միաժամանակ, համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանվել է ուղևորների կողմից զբոսանավի վրա, երբ բոլորն արդեն հասկացել են, թե ինչ է տեղի ունենում և սկսել են պատրաստվել զանգվածային տարհանման: Այդ կադրերից երևում է, որ խուճապն այնքան էլ մեծ չէ, սակայն տեսանյութում լսվում է նաև մթության մեջ հայտնված վախեցած մարդկանց ճիչերը, որոնց դեռ հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա հաջորդ վայրկյանին:
Այժմ աջ կողմի վրա թեքված նավը, որի մեջ մխրճված է ստորջրյա ժայռաբեկորը, պառկած է Ջիլիո կղզուց ոչ շատ մեծ հեռավորության վրա: Ներկայումս եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, ուժեղ քամին ալեկոծում է ծովը, և Costa Concordia-ին արդեն մի փոքր հեռացրել է ափից: