Այսօր առավոտից նախագահական նստավայրի մոտ հավաքված Արամի, Եկմալյան, Բուզանդ, Սարյան փողոցների մի քանի նորակառույց շենքերի բնակարանների բնակիչները 14:00-ի սամնաններում դադարեցրել են նստացույցը:
Այնուամենայնիվ, նրանք պատրաստվում են վաղը վերադառնալ, և նստացույցն անցկացնել ոչ թե նախագահականի դիմացի մայթին, ինչպես այսօր, այլ անմիջապես դարպասների մոտ:
«Մեզ անվերջ ստիպում են նամակներ գրել ու հանձնել նախագահի Վերահսկողության բաժին: Որքա՞ն կարելի է: Քանի տարի է նամակ ենք գրում տարբեր ատյաններին, հարյուրավոր նամակներ ունենք, բայց՝ ապարդյուն, որևէ հարց չի լուծվել, սա ուղղակի միջոց է ժամանակ շահելու ու գլխներիս տակ փափուկ բարձ դնելու: Հիմա էլ համոզում են, որ համբերենք մինչև այս մի քանի ամիսները կանցնեն, խորհրդարանական ընտրությունները՝ նույնպես, իրենք կապահովեն իրենց դիրքերը, իսկ մենք էլի կմնանք դատարկ տաշտակի առաջ»,- ասել է նստացույցի մասնակից Սոնա Մաղաքյանը:
Նստացույցի մասնակիցները հավատացնում են, որ շարունակելու են իրենց ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն անձամբ չի հանդիպի իրենց հետ:
«Վաղը գալու ենք պաստառներով, անգամ վրաններ և ներքնակներ կբերենք ու կհաստատվենք նախագահական նստավայրի մուտքի ճաղավանդակների մոտ: Հավատացած ենք, որ ոստիկանական խմբերը այնպիսի խուճապ կստեղծեն , որպեսզի վախի մթնոլորտ ձևավորվի ու մենք սարսափած տուն գնանք: Կանխավ կասենք՝ ոչ մի տեղ չենք գնալու, քանի դեռ մեր պահանջը չի բավարարվել», – ասել է Սոֆյա Սարուխանյանը:
Ակտիվիստների հավաստմամբ՝ նախագահական նստավայրը ամենավերջին ու որոշիչ կետն է:
Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը փախուստի է դիմել: Բնակիչները Epress.am-ին պատմել են, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, թե գործը կարող է ամիսներ տևել, քանի որ դեպքերի առնչությամբ հարյուրավոր անձանց պետք է հարցաքննել: