Երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա կազմակերպած Արամի, Եկմալյան, Բուզանդ, Սարյան փողոցների մի քանի նորակառույց շենքերի բնակարանների բնակիչներն այսօր նախագահականի դիմացի մայթին` Մարշալ Բաղրամյան մետրոյի դիմաց հավաքվել են նստացույցի: Այս պահին նրանք քննարկում են նաև հացադուլ սկսելու հարցը:
2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց:
Հավաքվածների խոսքով` իրենք այլևս ոչ մեկին չեն հավատում և նախագահականի մոտից չեն հեռանալու` մինչև նախագահն անձամբ հարցը չլուծի:
«Դատական համակարգին չենք հավատում, սրանց մեջքին շատ ուժեղ պարագլուխներ են կանգնած: Պահանջում ենք միմիայն հանդիպում Սերժ Սարգսյանի հետ, այլապես այստեղից չենք գնալու: Թող նախագահն անձամբ լուծի այս խնդիրը: Պետք լինի` հացադուլի էլ կնստեմ: Էդ չեմ արել, էդ էլ կանեմ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:
Ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց նախագահի անձնակազմի աշխատակիցներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ներս հրավիրեց մի քանի հոգու: Նրանց հետևած Գոհար Թաթալյանը հանդիպել է Նամակների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանի հետ: Հանդիպման ժամանակ նա Ասատրյանին ասել է, որ 2007 թվականին այն ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը խոստացել էր լինել ժողովրդի կողքին, և այդ պատճառով ինքն ընտրել է Սարգսյանին: Այժմ էլ պահանջում է, որ իր ձայնը լսելի լինի: Ասատրյանը հավաստիացրել է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է խնդրից, և նախագահականում դրանով զբաղվում են, և հարցին լուծում կտրվի:
Հավաքվածները, սակայն, պնդում են, որ փոխզիջման չեն գնա, և շարունակելու են նստացույցն այնքան ժամանակ մինչև Սերժ Սարգսյանն անձամբ չհանդիպի իրենց հետ, կամ խնդրին շուտափույթ լուծում չտրվի:
Այս պահին տարածք են ժամանել մեծ թվով ոստիկանական մեքենաներ:
Նշենք, որ ակցիային միացել է նաև ֆրանսահայ գործարար Արմենուհի Հարությունյանը, ով նույնպես տուժել է Հայաստանում բնակարանային խնդրից: