Թուրքիայի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց բացահայտել պետական մարմինների այն պաշտոնյաներին, որոնք կանգնած են լրագրող, մարդու իրավունքների ակտիվիստ Հրանտ Դինքի սպանության հետևում: Այս մասին հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը`վկայակոչելով այն հանգամանքը, որ սպանության մեջ մեղադրվող 18 անձանց գործը ավարտին է մոտենում, իսկ լուրջ բացահայտումներ այդպես էլ տեղի չեն ունեցել:
Հիշեցնենք, որ թուրքահայ լրագրող, «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` սեփական խմբագրատան դիմաց, ազգայնական Օգյուն Սամասթի կողմից:
Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ անվտանգության ծառայությունները գիտեին ծրագրված սպանության մասին և կապի մեջ էին սպանության մեջ մեղադրվողների հետ, և միաժամանակ, ոչինչ չարվեց սպանությունը կասեցնելու համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Դինքի ընտանիքի կոչերը` հետաքննել Դինքի դեմ իրագործված դավադրությունն ու արհամարհանքը պետական պաշտոնյաների կողմից, այդպես էլ չլսվեցին իշխանություններ կողմից:
2011 թվականի հուլիսին, սպանության ժամանակ 17-ամյա Օգյուն Սամասթը մեղավոր էր ճանաչվել Հրանտ Դինքի սպանության մեջ և դատապարտվել 23 տարվա ազատազրկման:
2011-ի հունիսին հրամանատեր Ալի Օզն ու Տրաբզոնի ոստիկանության 6 այլ պաշտոնյաներ մեղավոր էին ճանաչվել մասնագիտական անփութության մեջ, քանի որ վերջիններս ձախողել էին տեղեկատվություն հաղորդել պատրաստվող սպանության մասին, որը կարող էր կանխել հանցագործությունը: Այնուամենայնիվ, Դինքի ընտանիքի փաստաբանները բազմիցս նշել են, որ իրական պատվիրատուների անունները չեն բացահայտվում:
«Տրաբզոնի անվտանգության վարչության, Ստամբուլի ղեկավարի գրասենյակի և Ստամբուլի Անվտանգության վարչության գործողությունները պատշաճ կերպով չեն քննվել:
Իշխանությունները պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն այս գործին և վստահեցնեն, որ Հրանտ Դինքն ու նրա ընտանիքը կստանան այն արդարությունը, որին արժանի են»,-այս առնչությամբ ասել է Amnesty International-ի փորձագետ Էնդրյու Գարդները: