Հունվարի 18-ին ուկրաինական FEMEN կանանց շարժման ակտիվիստները հերթական բողոքի ակցիան են անցկացրել, որն այս անգամ «Կարմայի ախտորոշում» կարգախոսի ներքո էր անցնում` ուղղված Հնդկաստանի արտգործնախարարության քաղաքականության դեմ: Շարժման բլոգում տեղադրված հայտարարության համաձայն, ֆեմինիստներին զայրացրել է հնդկական ԱԳՆ-ի որոշումը, համաձայն որի ԱՊՀ երկրներում դեսպանատան աշխատակիցները պետք է հանգամանորեն քննեն Հնդկաստան ժամանող վերարտադրողական տարիքի կանանց, որպեսզի վստահ լինեն, որ նրանք չեն պատրաստվում մարմնավաճառությամբ զբաղվել այնտեղ:
FEMEN-ի ակտիվիստները շարժական աստիճանով բարձրացել են Հնդկաստանի դեսպանի աշխատավայրի պատշգամբ և այնտեղ «Մենք մարմանավաճառ չենք» կարգախոսով պաստառ կախել: Նրանք վանկարկել են «Դելի, պոռնկանոցներդ փակի», «Ուկրաինուհիները մարմնավաճառներ չեն», «Պահանջում ենք ներողություններ»: Մի քանի րոպե անց ակցիայի 4 մասնակիցներին ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները և տեղափոխել ոստիկանական բաժին:
«FEMEN շարժումը կարծում է, որ Հնդկաստանի ԱԳՆ-ն վիրավորանք է հասցրել ցամաքի մեկ վեցերորդ մասի կանանց: Հնդկաստանում մարմնավաճառության խնդիրը կապված է քրեական կավատության բիզնեսի հետ հենց Հնդկաստանի ներսում: Մարմնավաճառության մեջ կանանց մեղադրելը հայրիշխանական ավանդույթների մնացորդ է, որը պատիվ չի բերում հարուստ և հնամյա մշակույթի ժառանգներին»,-ասված է շարժման հայտարարության մեջ: