Հունվարի 14-ին վթարի ենթարկված Costa Concordia զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ ստել էր` ասելով, թե ստորջրյա ժայռաբեկորին բախվելուց հետո անմիջապես խարիսխ է գցել: Corriere della Sera պարբերականը հայտնում է, որ իր հայտարարությունից հրաժարվել նրան ստիպել է 40 րոպեանոց տեսանյութը, որը նկարահանվել է վթարից 10 րոպե անց դեպքի վայր ժամանած իտալացի մաքսայինների կողմից: Տեսանյութում երևում է, որ Սկետինոն նավը անմիջապես չի խարսխել:
Բացի դա, կապիտանը խոստովանել է, որ սխալ է թույլ տվել` Ջիլիո կղզուն մոտենալով: «Չգիտեմ` ինչու է դա տեղի ունեցել: Ես իմ մտքերի զոհն եմ դարձել»,-ասել է կապիտանը:
Սկետինոյի խոսքով` նա շրջվելու և հակառակ ուղղությամբ գնալու որոշումը չափազանց ուշ է կայացրել, ինչի պատճառով նավը ծանծաղուտի մեջ է խրվել և բախվել ժայռաբեկորին: Սկզբում կապիտանը հայտարարել էր, որ նավը բախվել է քարտեզի վրա բացակայող ժայռերին, սակայն հունվարի 17-ին երեքժամյա հարցման ընթացքում Սկետինոն խոստովանել է, որ ցանկանում էր ողջունել կղզու վրա գտնվող իր գործընկեր Մարիո Տերենցո Պալոմբոյին, որի հետ նա զրուցում էր բախման ընթացքում:
Միաժամանակ կապիտանը վստահեցնում է, որ երթուղին ծրագրված է եղել հենց սկզբում և որ նա չի շեղվել ծրագրից: «Ես աչքաչափով էի շարժվում, որովհետև շատ լավ գիտեմ այս տարածքում ջրի խորությունը և արդեն 3-4 անգամ նման մանյովր իրականացրել եմ»,- ասել է Սկետինոն:
Բացի դա, Սկետինիոն շարունակել է հերքել այն մեղադրանքները, թե ինքը լքել է խորտակվող նավը: Կապիտանի խոսքով` նա օգնում էր ուղևորներին նստել փրկարար լաստանավերի մեջ, սակայն պատահաբար սայթաքել է և հայտնվել է լաստանավի մեջ: Թե ինչու են լաստանավի մեջ հայտնվել նաև իր օգնականներ Դիմիտրի Խրիստիդեսը և Սիլվիա Կորոնիկան, նա չի բացատրել: Հիշեցնենք, որ ավելի վաղ իտալական ԶԼՄ-ներում հեռախոսազրույցների ձայնագրություններ էին հայտնվել, որոնք ապացուցում են, որ կապիտանը հեռացել է նավից ավելի վաղ, քան բոլոր ուղևորները կտարհանվեին կղզի:
Հիշեցնենք, որ 4200 ուղևորներ փոխադրող Costa Concordia նավը վթարի էր ենթարկվել Ջիլիո կղզու մոտակայքում հունվարի 14-ի գիշերը: Վերջին տվյալներով` վթարի զոհ են դարձել 11 մարդ, անհայտ կորած են համարվում 28 ուղևորներ: