Նախագահական նստավայրի դիմացի մայթին այսօր շարունակվում է Արամի, Եկմալյան, Բուզանդ, Սարյան փողոցների մի քանի նորակառույց շենքերի բնակարանների բնակիչների բողոքի ակցիան, ովքեր այսօր եկել են պաստառներով և տաք վերմակներով` պատրաստվելով տեղում անցկացնել այնքան ժամանակ, մինչև իրենց հարցին պատասխան չտրվի:
Նշենք, որ բողոքողները երեկ խոստանում էին նախագահականի մոտ վրաններ տեղադրել, սակայն, ինչպես Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել են ակցիայի մասնակիցները, ոստիկաններն իրենց հորդորել են կտրուկ գործողությունների չդիմել, «այլապես վատ կլինի»:
Հավաքվածները վանկարկում են «Նախագահ, պատասխան»` նշելով, որ եթե ժողովրդի խնդիրների լուծումը վեր է Սերժ Սարգսյանի ուժերից, «թող դիրքերը զիջի, մենք էլ մյուս ընտրություններին այլ նախագահ ընտրենք»:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ այսօր լրանում է պատասխան տալու վերջնաժամկետը, և եթե հարցն այդպես էլ լուծում չստանա, իրենք պատրաստ կլինեն յուրաքանչյուր քայլի, անգամ` «մեր երկիրը կխայտառակենք»:
«Կգնանք ինչ-որ դեսպանատուն, ուրիշ երկրները պատրաստ են մեզ ապահովել: Թուրքիայի կամ Սիրիայի դեսպանատուն էլ կգնանք», – ասել է ակցիայի մասնակիցներից մի տարեց կին:
Նրանք նշել են, որ պատրաստվում են գիշերել նախագահականի մոտ:
Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը փախուստի է դիմել: Բնակիչները Epress.am-ին պատմել են, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, թե գործը կարող է ամիսներ տևել, քանի որ դեպքերի առնչությամբ հարյուրավոր անձանց պետք է հարցաքննել: