Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը որոշում է կայացրել այլևս Երևանում չանցկացնել 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը: Դատավորը որպես պատճառաբանություն նշել է երեկվա միջադեպը, երբ դատարանի դահլիճում մեղադրյալների ծնողները վիճաբանել են գործով հիմնական վկա Արման Մնացականյանի հոր հետ, և հետագա քաշքշուկը կարողացել են կանխել միայն կարգադրիչները: Դատավորի խոսքով` մեղադրյալների և վկաների հիմնական մասը Տավուշի մարզից է, և դատական նիստերը պետք է տեղափոխել Իջևան:
Նշենք, որ անցյալ տարի դատական նիստերն անցկացվում էին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, սակայն դատավարության մասնակիցների,մասնավորապես, տուժողի խնդրանքով նիստերը տեղափոխվել են Երևան:
Դատավորի որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել դատավարության մասնակիցների մոտ: Դրան դեմ են եղել և մեղադրյալների, և տուժող կողմի ներկայացուցիչները:
«Տուժող կողմը Երևանից է, դատախազները, փաստաբանները Երևանից են, դատապարտյալները պահվում են Երևանում, այդ իսկ պատճառով նման որոշմանը դեմ ենք», – Epress.am-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:
Մեղադրյալներ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի, Հարութիկ Կիրակոսյանի, Հակոբ Մանուկյանի և Վահանգն Հայրապետյանի, ինչպես նաև տուժողի ներկայացուցիչներն ու բարեկամները որոշում են կայացրել շարժվել դեպի նախագահական նստավայր` բողոքելու այդ որոշման դեմ: Նախագահականի մոտ հավաքվածների մոտ դուրս եկավ ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցը և մի քանի մասնակցի ներս հրավիրեց: Այս պահին նախագահականի մոտ է ժամանել շտապօգնության մեքենա` բուժօգնություն ցուցաբերելու Ադիբեկ Հովհաննիսյանի մորը, ով ուշագնաց է եղել:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է և մեղադրյալները անցնում են «ինքնասպանության հասցնելը» հոդվածով, սակայն տուժող կողմի ներկայացուցիչները նշում են, որ Արտակ Նազարյանին սպանել են: Նրանք նաև նշում են, որ գործով անցնող հիմնական վկա Արման Մնացականյանին նախաքննության և դատավարության ողջ ընթացքում պահում են ոստիկանությունում` նրան ուղղորդելու նպատակով: