Home / Հայաստան / Ինչպես էին Concordia-ի փախած կապիտանին համոզում նավ վերադառնալ (ՏԵՔՍՏ)

Ինչպես էին Concordia-ի փախած կապիտանին համոզում նավ վերադառնալ (ՏԵՔՍՏ)

Իտալիայի ափերի մոտ վթարի ենթարկված Costa Concordia զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն ի սկզբանե նավի վրա տեղի ունեցող իրադարձությունների և իր գործողությունների մասին կեղծ տեղեկություններ է տվել:  Այս մասին են վկայում համացանցում հայտնված կապիտանի հեռախոսազրույցները ափային անվտանգության ղեկավարության հետ և դրանց մանրամասն վերծանումը, որը երեքշաբթի հրապարակվել է իտալական ԶԼՄ-ների կողմից:

Il Messaggero, Corriere Della Serra և Il Sole 24 Ore պարբերականների կողմից հրապարակված ձայնագրությունից հետևում է, որ Սկետինոն, մասնավորապես վստահեցնում էր, որ անձամբ է վերահսկում տարհանման գործընթացը և որ ուղևորների մեծ մասը արդեն իսկ լքել է նավը, այնինչ նա շատ ավելի վաղ էր հեռացել Concordia-ից:

4200 ուղևորներ փոխադրող Costa Concordia նավը վթարի էր ենթարկվել Ջիլիո կղզու մոտակայքում հունվարի 14-ի գիշերը: Վերջին տվյալներով վթարի զոհ են դարձել 11 մարդ, անհայտ կորած են համարվում 28 ուղևորներ:

Կապիտան Սկետինոն սկզբում կեղծ ինֆորմացիա է տվել ափային անվտանգության ղեկավարությանը այն մասին, թե 4000 մարդ տարհանվել է 40 րոպեի ընթացքում և նավի վրա են ընդամենը 200-300-ը, այնինչ նա այդ պահին նավի վրա չէր:

ВВС-ի ռուսաստանյան ծառայությունը հրապարակում է կապիտանի հեռախոսազրույցներիվ մեկի վերծանումը:

Ափային անվտանգություն – Ուշադրություն:

Կապիտան – Բարի երեկո հրամանատար

ԱԱ. – Լսե´ք, իմ անունը դե Ֆալկո է, Լիվորնոյի նավահանգիստ: Ես կապիտանի հե՞տ եմ խոսում:

Կ.- Բարի երեկո հրամանատար դե Ֆալկո:

ԱԱ.- Խնդրում եմ, ասեք ձեր անունը:

Կ.- Ես կապիտան Սկետինոն եմ, հրամանատար:

ԱԱ.- Լսե´ք Սկետինո, նավի վրա կան մարդիկ, որոնք չեն կարողանում դուրս գալ այնտեղից: Զբոսանավի դիմային հատվածում` աջ կողմում, աստիճան կա: Աստիճանով բարձրացեք նավի վրա: Հենց որ վերադառնաք նավի վրա, կապվե´ք ինձ հետ և հաղորդեք, որքան մարդ է մնացել այնտեղ: Հասկանալի՞ է: Ես ձայնագրում եմ մեր զրույցը, կապիտան Սկետինո:

Կապիտանը փորձում է ինչ-որ բան ասել, բայց Ափային անվտանգությունը նրան վատ է լսում:

ԱԱ.-Ավելի  բարձր խոսեք: Կապիտա´ն, բարձրախոսը ձեռքով փակեք և ավելի բաձր խոսեք:

Կ.- Այս պահին նավը կողքի է շուռ գալիս:

ԱԱ. – Այժմ դիմային հատվածի աստիճանով մարդիկ ներքև են իջնում: Վերադարձե´ք մյուս կողմ, բարձրացե´ք նավի վրա և ասե´ք, թե որքան մարդ կա դեռ, և ի՞նչ կա նրանց մոտ: Հաղորդեք ինձ, քանի կին, երեխա կա, և ինչպես կարելի է օգնել նրանց: Եվ հստակ թվեր հաղորդեք ինձ ամեն մի խմբի վերաբերյալ: Պա՞րզ է:

Լսե´ք, Սկետինո, միգուցե և դուք փրկել եք ձեզ, բայց ես ձեզ շատ վատ լույսի ներքո կներկայացնեմ, Դուք պատասխան կտաք այդ ամենի համար: Գրողը տանի, վերադարձե´ք նավի վրա:

(Աղմուկ է լսվում: Ամենայն հավանականությամբ այլ աշխատակիցներ նավի վերաբերյալ ինչ-որ բան են բղավում)

Կ. Խնդրում եմ…

ԱԱ-Այս հարցում «խնդրում եմ» չի լինում: Վերադարձե´ք նավ: Հաստատե´ք, որ կվերադառնաք:

Կ-Ես փրկարար լաստանավի մեջ եմ: Այստեղ եմ: Ես ոչ մի տեղ չեմ գնում, ես այստեղ կլինեմ:

ԱԱ – Կապիտան: Ի՞նչ եք անում:

Կ. Ես այստեղից կհամակարգեմ փրկարար գործողութունները:

ԱԱ – (ընդհատում է) Ի՞նչն եք այդտեղից համակարգելու: Վերադարձե´ք նավ: Համակարգե´ք գործողությունները նավից: Դուք հրաժարվո՞ւմ եք:

Կ.- Ոչ, ես չեմ հրաժարվում:

ԱԱ – Կապիտան, դուք հրաժարվո՞ւմ եք վերադառնալ նավ: Հայտնե´ք պատճառը, ինչո՞ւ եք հրաժարվում նավ վերադառնալ:

Կ. (Անհաստատ) այստեղ ևս մեկ  փրկարար լաստանավ …:

ԱԱ. –(Ընհատում է, սկսում  է բղավել) Դո´ւ: Վերադարձի´ր նավ: Դա հրաման է: Դու այլևս հարցը քննարկելու հնարավորություն չունես: Դու «նավը լքելու» հրաման ես տվել: Այժմ ես եմ հրաման տալիս: Վերադարձե´ք կրկին նավ: Հասկանալի՞ է: Դուք ինձ չե՞ք լսում:

Կ.- Ես վերադառնում եմ նավ:

ԱԱ. Վերադարձե´ք, կապվեք ինձ հետ հենց որ նավի վրա լինեք: Իմ փրկարարները նավի դիմային հատվածում են:

Կ.- Իսկ ո՞ւր է ձեր փրկարար մոտորանավակը:

ԱԱ.- Իմ փրկարար նավակը զբոսանավի դիմացի մասում է: Գնացե´ք: Այնտեղ արդեն դիակներ կա: Սկետինո , գնացեք:

Կ.- Քա՞նի դիակ:

ԱԱ.- Ես չգիտեմ: Այդ դուք պետք է ինձ հայտնեիք այդ մասին:

Կ. -Հասկանում եք, որ արդեն մութ է, և մենք ոչինչ չենք տեսնում:

ԱԱ. – Եվ ի՞նչ, դուք պատրաստվում եք տո՞ւն գնալ Սկետինո: Արդեն մութ է, և դուք պետք է տո՞ւն գնաք: Վերադարձե´ք դիմային հատված, որտեղ աստիճան կա, և ասեք ինձ, ինչ է պետք անել, որքան մարդ կա այնտեղ, և ինչ է պետք նրանց: Անմիջապես:

Կ.- Իմ ավագ օգնականն այստեղ ինձ հետ է:

ԱԱ. – Այդ դեպքում երկուսով վերադարձեք: Երկուսդ էլ: Ի՞նչ է ձեր օգնականի անունը:

Կ. Նրա անունը Դմիտրի է :

ԱԱ. Ինչ է նրա ազգանունը: Դուք և ձեր օգնականը վերադարձեք նավ: Հասկացա՞ք:

Կ. – Լսեք, հրամանատար, ես ուզում եմ վերադառնալ նավ, բայց այստեղ այլ փրկարար նավ է վթարի ենթարկվել: Ես հաղորդել էի…

ԱԱ. (ընդհատում է)  – Դուք այդ մասին ինձ արդեն մի ժամ է` պատմում եք: Վերադարձեք նավ: Հենց այնտեղ լինեք հաղորդեք ինձ մարդկանց քանակության մասին:

Կ.- Լավ, հրամանատար:

ԱԱ. – Վերադարձեք: Անմիջապես: