Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցները հետաքննում են ենթադրաբար ազգությամբ հայ տղամարդու սպանությունը, որի գլուխը հայտնաբերվել է թփերում` պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնում է Los Angeles Times պարբերականը:
Ըստ ուժային մարմինների աղբյուրի` երկու կանայք զբոսանքի են դուրս եկել շան հետ: Զբոսանքի ընթացքում կենդանին պատահմամբ թփերի մեջ պոլիէթիլենից տոպրակ է գտել, որի մեջ մարդու գլուխ է եղել:
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ գլուխը, հավանաբար, պատկանում է ծագումով հայ 40-ամյա մի տղամարդու: Ոստիկանությունը գտնում է, որ սպանությունը վերջերս է իրականացվել` հաշվի առնելով գլխի վիճակը:
Հետաքննիչները ներկայումս փորձում են պարզել` արդյոք տվյալ տարածքում մարմնի այլ մասեր կան: Սպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն: