Գործարար, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի դեպքում պատրաստ է քննարկել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը, իհարկե, միայն իր սեփական նախընտրական ծրագիրն իրագործելու հնարավորության տրամադրման պայմանով: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն է արել ինքը` Պրոխորովը:
Խոսելով ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական ծրագրի մասին` Պրոխորովն այն «կայունացման մոդել է» անվանել, մինչդեռ ինքը փոփոխությունների կոչեր է հնչեցնում:
Նա ընդգծել է, որ Պուտինի ծրագիրն իրեն չի գոհացնում երկու պատճառով. «Առաջինը` նա խաղադրույք է կատարում մեծամասնության վրա, մինչդեռ, ինչպես հայտնի է, մեծամասնությունը կամ անցյալն է, կամ թույլ ներկան, մեծամասնությունը շատ պահպանողական է: Իսկ ես ակտիվ փոքրամասնության վրա եմ հիմնվում, որովհետև հասարակության հենց ակտիվ զանգվածն է փոփոխություններ ցանկանում»:
«Երկրորդը` այնպիսի զգացողություն է առաջացել, որ «հուշարձանը կյանքի օրոք կանգնեցրեք, ու վերջ»: Սակայն միևնույն թիմն ու միևնույն մարդը չեն կարող ուղղել թույլ տրված սխալները: Պետք է նոր մարդիկ գան և ուղղեն դրանք»,- ասել է Պրոխորովը:
Նա նաև հերքել է այն լուրերը, թե նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշումը կայացվել է Պուտինի զանգից հետո: