Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարությունը, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են», իրականությունից հեռու է ու անհեթեթ, կարծում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել: Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: Աշխատության մեջ հիշատակված են թե հայերը, թե վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա:
Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից»,- ասել է Շարմազանովը: