2010 թվականի մայիսի 12-ին 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրված և 14 տարվա ազատազրկման դատապարտված Վռամ Բաղդասարյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ՀՀ վերաքննիչ դատարան չեն ներկայացել մեղադրող դատախազներ Կորյուն Փիլոյանը և Արթուր Դավթյանը:
Նկատի ունենալով այս հանգամանքը՝ Վռամ Բաղդասարյանի պաշտպաններ՝ Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներ Գայանե Խաչատրյանը և Նինա Կարապետյանցը միջնորդել են դատը հետաձգել: Դատավորներ Գագիկ Ավետիսյանն ու Եվա Դարբինյանը որոշել են դատն, այնուամենայնիվ, անցկացնել:
Նիստի մեկնարկից քիչ անց դատական նիստերի դահլիճի դուռը բացել է ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, մի քանի վայրկյան նայել է ներկաներին ու հեռացել, որից մի փոքր հետո դատավորներից Եվա Դարբինյանի օգնականը մոտեցել է իրեն և ինչ-որ բան է ասել ականջին: Դրանից էլ քիչ անց նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը դուրս է եկել դատարանի դահլիճից:
Վերադառնալով՝ Ավետիսյանը հայտարարել է, որ իրավիճակի փոփոխության հետ կապված դատական նիստը պետք է հետաձգվի, քանի որ դատախազները զանգահարել են և ասել, որ չեն կարող ներկայանալ դատական նիստին` խնդրելով իրենց բացակայությամբ չանցկացնել դատական նիստը:
«Իմ կարծիքով` Ավետիսյանն իրոք չի տիրապետում դատարանում տիրող իրավիճակին: Նիստը նախագահում են ոստիկանները, դատախազը, բայց ոչ Ավետիսյանը», – նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Միքայել Դանիելյանը` ուշադրությունը բևեռելով այն փաստի վրա, որ դատավորն ընդառաջ չգնաց փաստաբաններին, բայց կատարեց դատախազների նույնատիպ խնդրանքը: