Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին անցկացնում Արամի, Եկմալյան, Բուզանդ, Սարյան փողոցների մի քանի նորակառույց շենքերում բնակարաններ ունեցող մարդիկ, ովքեր վերջին երկու օրերի ընթացքում բողոքում էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
Այս անգամ նրանք որոշել էին պատասխան ստանալ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից:
Կառավարության նիստից հետո ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այդպես էլ դուրս չեկավ Կառավարության շենքի կենտրոնական մուտքից և նրա հետ խաբված բնակարանատերերը չկարողացան զրուցել:
Վերջիններս դիմեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով նշեց, որ խնդիրն իր իրավասության մեջ չէ, սակայն ինքը կփորձի միջնորդել, որպեսզի հարցը լուծում ստանա:
«Նախագահականի մոտ մեր ակցիան ոչ մի արդյունք դեռ չի տվել, եկել ենք կառավարությանը դիմելու: Նախագահականում մեզ ասացին, որ համբերենք մինչև մայիս, այսինքն` ընտրություններից հետո: Ի՞նչ ակնկալենք, նախագահը իմ նամանկին պատասխանել է` ասելով, որ իրավահարաբերություններում ծագած վեճերը պետք է դատական կարգով լուծվեն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Եկմալյան փողոցում բնակարան գնած Ֆլորա Սարուխանյանը:
Պաշտպանության նախարարին խնդիրը ներկայացնելուց հետո` ակցիայի մասնակցիները կրկին գնացին նախագահական նստավայրի մոտ` այնտեղ նստացույցը շաունակելու վճռականությամբ:
Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը փախուստի է դիմել: Բնակիչները Epress.am-ին պատմել են, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, թե գործը կարող է ամիսներ տևել, քանի որ դեպքերի առնչությամբ հարյուրավոր անձանց պետք է հարցաքննել: