Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի 7 էջանոց հարցազրույցը Rolling Stone ամսագրի հետ նվազ ցնցող չի, քան դիվանագետների գաղտնի նամակների ու փաստաթղթերի հրապարակումը, գրում է utro.ru-ն:
Ամսագրի հետ զրույցում Ասանժը պատմել է արաբական հեղափոխության մեջ ունեցած իր դերի մասին և թե ինչու չի սիրում ամերիկյան կառավարությանը: Նա պատմել է նաև հարյուրավոր կանանց մասին, որոնք լավագույն դեպքում կպչում են իրեն, վատագույն դեպքում` ցանկանում ամուսնանալ իր հետ:
Ասանժի սենսացիոն հայտարարություններից մեկը վերաբերում է նրան, որ WikiLeaks-ի հիմնադիրն ու իր համակիրները առնչություն ունեն արաբական հեղափոխությունների հետ. ինչպես նաև ԱՄՆ-ում ծագած, և աշխարհի տարբեր երկրներում տարածված «Նվաճիր Ուոլ-սթրիթը» արշավի հետ: «Ես իմ համակիրների հետ պլանավորել եմ վերջին 12 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մեծ մասը,- հայտարարել է ավստրալացին: Անկեղծ ասած, մենք չէին ակնկալում, որ այդ ամենը իսկապես կյանքի կկոչվի»:
Ասանժը հայտարարել է, որ «արաբական գարնան» կրակը հենց նա է վառել 2010 թվականի հոկտեմբերին, երբ հայտնաբերել է, որ Մերձավոր Արևելքի երկրների ուժային կառույցները սերտորեն կապված են միմյանց հետ և ամեն ինչում պաշտպանում են իրար: Նրա կարծիքով` WikiLeaks-ում հրապարակված փաստաթղթերը ստիպել են արաբական պետությունների հատուկ ծառայություններին դիմել ներքաղաքական պայքարի, ինչը փլուզել է նրանց փոխադարձ համագործակցությունը, որի վրա էլ հենված էր ողջ արաբական կայունությունը:
Ասանժը խոսել է նաև իր թշնամիների մասին: Նրանցից շատերի համար Ասանժին քննադատելը շահութաբեր բիզնես է դարձել: WikiLeaks-ի հիմնադրի մասին գրքերը մեծ տպաքանակով են վաճառվում: Ըստ Ասանժի, իհարկե, ամենածիծաղելին Ռուսաստանում հրապարակված գիրքն է, որտեղ իրեն մեղադրում են Պուտինին հեղինակազրկելու նպատակով կազմակերպված դավադրության մեջ:
Բայց Ասանժի համար գլխավոր թշնամիների թվում է ԱՄՆ-ի կառավարությունը: Նրա խոսքով` ամերիկյան ռազմական մեքենան բռնապետական երկիր է երկրի ներսում, որին հասանելի է ցանկացած տեսակի տեղեկատվություն, ինչպես աշխարհի ոչ մի այլ երկրում: Իսկ քաղաքացիական իշխանությունները, ըստ նրա, քիչ են տարբերվում ուժային մարմիններից: Ասանժը մեղադրում է նրանց լրտեսության մասին նոր Օրենքի ընդունման մեջ: Ըստ նրա, օրենքը, որը թույլ է տալիս իշխանություններին պահանջել լրագրողներից տրամադել իրենց աղբյուրի անունը, պետության համար յուրաքանչյուր ոչ ձեռնտու լրագրողի դարձնում է հանցագործ:
Ասանժին, սակայն, հատկապես նյարդայնացնում է այն փաստը, որ իր անվանը սեքսուալ մանյակի պիտակ են կպցրել: «Այն ինչ իսկապես լավ հաջողվեց անել հետաքննությանը, դա ամեն տեղ «բռնաբարություն» բառը խցկելն էր: Թեև տեխնիկապես ինձ մեղադրում են սեքսի դրդելու մեջ, ինչը չի խանգարում իմ վատը ցանկացողներին ամեն տեղ «բռնաբարության մեղադրանք» հիշատակել:
Վերջին անգամ երբ բռնաբարություն բառը հավաքեցի համացանցում, մոտ 33 մլն հղումներ եկան աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցած դեպքերի մասին: Բայց եթե իմ անվան կողքին գրեք «բռնաբարություն» բառը, արդյունքում կստանաք ավելի քան 20 մլն հղումներ այդ թեմայով: Այլ կերպ ասած, աշխարհում երբևէ տեղի ունեցած բռնաբարությունների երկու երրորդը այսուհետ կապված է իմ անվան հետ»:
Այդուհանդերձ դա չի խանգարում հարյուրավոր կանանց ցանկանալ ամուսնանալ իր հետ, խոստովանել է սկանդալային կայքի հիմնադիրը: