Հայ Ազգային Կոնգրեսը փետրվարի 17-ին վերսկսում է հանրահավաքների ալիքը: Այս մասին ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
Համաձայն ՀԱԿ-ի, հանրահավաքների օրակարգը կլինի Սերժ Սարգսյանին հրաժարականի պարտադրումը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովող մեխանիզմների ձևավորումը։
«Հայ Ազգային Կոնգրեսը ամեն ինչ անելու է հասարակական ճնշմամբ օրենքի ուժ տալ դեռ 2010թ. մարտի 1-ին ձևակերպած ու հրապարակած օրենսդրական փոփոխությունների իր պահանջներին: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ հիշյալ փաստաթղթում ընդգրկված պահանջներից մեկը, այն է՝ խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական համակարգով անցկացնելու խնդիրը, այժմ հետապնդում են նաև խորհրդարանական երկու ուժեր («Ժառանգություն» և ՀՅԴ – խմբ.)։
Մենք ողջունում ենք քաղաքական այդ ուժերի ջանքերը, տվյալ օրակարգով հունվարի 20-ին կազմակերպված ֆորումի անցկացումը, նախատեսում ենք խնդիրը Ազգային Ժողովում քննարկման օրերին հանրահավաքի անցկացում:
Կոչ ենք անում ֆորումի մասնակիցներին, այլ քաղաքական ուժերին, որոնք շահագրգռված են ազատ և արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձևավորման հարցում, իրենց աջակցությունը ցուցաբերել հետևյալ պլատֆորմի նաև մյուս, ոչ պակաս կարևոր պահանջների իրականացմանը։ Կոնգրեսը հակված է կառուցողական համագործակցության և այդ նկատառումով կաջակցի ֆորումի կայացրած՝ արդար ընտրությունների անցկացմանը նպաստող ցանկացած որոշման», – ասված է հայտարարության մեջ: