ԱԺ ընտրություններին ընդառաջ 100% համամասնական ընտրական համակարգին անցնելու մասին ծրագրին իշխանության գնալը կամ չգնալը դետեկտորի պես որոշելու է` արդյոք իշխանությունները իսկապես ուզում են անցկացնել արդար ընտրություններ:
Այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր կայացած ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների կազմակերպած համաժողովի ընթացքում:
Համաժողովին քաղաքական ուժերը քննարկում են ԱԺ առաջիկա ընտրություններում 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու` «Ժառանգության» և ՀՅԴ-ի համատեղ օրենսդրական նախաձեռնության հետ կապված խնդիրներին և հետագա քայլերին:
Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ հենց տվյալ փոփոխությունը խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում կատարել երկու պատճառով. նախ՝ որովհետև նրա հետ, որ 100% համամասնական ընտրական համակարգը որակական փոփոխություն կբերի ընտրություններում, սկզբունքորեն համաձայն են բոլորը, երկրորդ` այդ փոփոխությունը, ընդունվելով ընտրություններից մի քանի ամիս առաջ, որևէ ընթացակարգային խոչընդոտներ չի կարող հարուցել: Նշենք, որ երկու կուսակցությունների առաջարկը ողջունել են նաև Հայ Ազգային Կոնգրեսը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Ռուստամյանը նշել է, որ առաջարկի հետ համաձայն է նաև իշխող Հանրապետական կուսակցությունը, պարզապես նրանք ցանկանում են փոփոխությունը հետաձգել և կատարել ընտրություններից հետո:
«Իշխանությունները պետք է հստակ պատասխանեն հարցին, թե եթե սկզբունքորեն համաձայն են, ինչո՞ւ չեն ուզում փոփոխություններին գնալ հիմա: Մեծամասնականով ընտրված պատգամավորները մինչ այժմ ծառայել են որպես իշխանությունների հենասյունը: Սա ընդդիմությանը դուրս մղելու գործիք է, քանի որ ընդդիմությունը, եթե նույնիսկ համամասնականով ավելի շատ ձայներ հավաքի, ԱԺ-ում չի ձևավորի մեծամասնություն», – ասել է Արմեն Ռուստամյանը:
«Մեծամասնությամբ ընտրված պատգամավորների 71%-ը ոչ մի ծպտուն չեն հանել ԱԺ-ում, 5%-ը մեկ-մեկ ծպտուն հանել են և միայն 7%-ն են ակտիվ եղել», – իր հերթին, նշել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ելույթ ունենալով համաժողովի ընթացքում, նշել է, որ ինքն անձամբ կողմ է խորհրդարանական ընդդիմության առաջարկին` անցնել 100% համամասնական համակարգի, սակայն դա դեռ ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը չէ, քանի որ այդ հարցը կուսակցությունը դեռ չի քննարկել: Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տվել հասարակության տեսակետը այդ խնդրի շուրջ պարզելու համար Հայաստանում անցկացնել հանրաքվե: