Ամերիկյան քննիչները հարցաքննել են հոլիվուդյան հայտնի դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի անձնական թիկնապահին` Հոլիվուդի հայտնի նշանի մոտ սպանված տղամարդու գործի առնչությամբ: Հիշեցնենք, որ գլուխը հայտնաբերել էին նշանի մոտ գտնվող Բրոնսոն Կանյոն այգում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ: Համաձայն նախնական տվյալների այն պատկանում է ազգությամբ հայ 40-50-ամյա տղամարդուն: Գլուխը հայտնաբերելուց մեկ օր անց նույն տարածքում գտել էին նաև պոկված ձեռքեր և ոտքեր:
Ըստ X17.com կայքի` Փիթի և Ջոլիի թիկնապահին հարցաքննել են, քանի որ նա սովորաբար այդ այգում է լինում` հսկելու համար զույգի զբոսանքը:
Սակայն դա չի նշանակում, որ Փիթի թիկնապահները կապ ունեն դեպքի հետ, գրում է կայքը: Պարզապես քննիչները զրուցում են տարածքում ապրող բոլոր մարդկանց հետ, ովքեր կարող էին որևէ բան տեսած լինել: Ջոլիի ու Փիթի տունը գտնվում է Բրոնսոն Կանյոն այգու տարածքում:
Կայքը նշում է, որ մարմնից անջատված գլխի այս դեպքը հիշեցնում է Բրեդ Փիթի հայտնի «7» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոս Դևիդ Միլզը (Բրեդ Փիթը) ֆիլմի վերջում տուփի մեջ հայտնաբերում է սեփական կնոջ կտրված գլուխը:
Վերջերս հարցազրույցներից մեկում Փիթը պատմել էր այդ դաժան տեսարանի մասին` նշելով, որ ստիպված է եղել պայքարել ֆիլմի նկարահանող խմբի հետ, որպեսզի գլուխը տուփից դուրս չհանի, ինչպես նշված է եղել սցենարում:
«Ես ասացի, ես կնկարահանվեմ միայն մեկ պայմանով, եթե գլուխը մնա տուփի մեջ: Ասացի՝ պայմանագրի մեջ գրեք, որ գլուխը կմնա տուփի մեջ», – պատմել էր Փիթը: