Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:
Հայցվորը, դիմելով դատարան, պահանջել էր պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել իրենից, վճարել փոխհատուցում 1 մլն դրամի չափով` պատճառաբանելով, որ պատասխանողն իրեն վիրավորել է:
Վճռաբեկ դատարանը որոշեց, որ վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին բողոք բերած անձի հիմնավորումը հերքվում է վերաքննիչ դատարանի որոշմամբ նշված պատճառաբանություններով, այն է՝ վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «կարծիքը անձի անձնական վերաբերմունքն է հայցվորի վերաբերյալ, և պատասխանողի կարծիքը, անձնական վերաբերմունքը կդադարեր այդպիսին լինելուց այն պահից սկսած, երբ այն արտահայտվեր հրապարակայնորեն, մինչդեռ տվյալ դեպքում սույն փաստը բացակայում է:
Նշված պատճառաբանությունից հետևում է, որ պատասխանողի կողմից արտահայտած «խոսքը» չի հանդիսանում հայցվորի պատիվը, արժանապատվությունն արատավորող տեղեկություն, հետևաբար, սույն վեճի նկատմամբ` հայցը բավարարելու առումով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերը կիրառելի չեն:
Վճռաբեկ դատարանը, դատավոր Ե. Խունդկարյանի նախագահությամբ, գտավ, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումը դատական սխալի առկայության մասին անհիմն է, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, գրում է hetq.am-ը: