Մեքենաների համարանիշերի լաքապատման մեթոդը Հայաստանում չի գործելու, և դա փորձնականորեն ապացուցվել է: Այս մասին Epress.am-ի հետ զրուցում ասել է «Խախտումների արձանագրման» կենտրոնի ղեկավար Արսեն Ղազարյանը` մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրը, թե հայաստանցի վարարոդները Ճանապարհներին և խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների դեմ պայքարելու համար կարող են համարանիշերի վրա մազի լաք փչել, քանի որ տվյալ դեպքում տեսախցիկները համարը չեն ֆիքսում:
«Այսօր փորձարկել ենք այն բոլոր նշված նյութերը, այնուհետ ստուգել տեսախցիկների նկարահանումները: Ակնհայտ է, որ դրանց օգտագործումից հետո պետհամարանիշերն ավելի պարզ են երևում, քան սովորական վիճակում», – ասել է Ղազարյանը:
Վերջինիս հավաստմամբ՝ շատ վաղ ժամանակներում այդ մեթոդները կիրառվել և գործել են արտասահմանյան մի շարք երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպայում: Լաքապատված պետհամարանիշը փայլել է, ինչի արդյունքում սարքը չի ճանաչել տրանսպորտային միջոցի համարը:
«Այժմ, տեսախցիկների մեջ տեղադրված ժամանակակից զտիչների (ֆիլտր) շնորհիվ ոչ մի լաքապատված պետհամարանիշ չի կարող մոլորության մեջ դնել մեր տեսախցիկներին», – եզրափակել է Ղազարյանը: