Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Դավիթաշվիլի 18 հասցեում գտնվող թբիլիսյան բնակարանի ներկայիս սեփականատեր Արչիլ Լեժավան պատրաստ է զիջել այն, եթե իրեն նույն փողոցում համապատասխան բնակարան տան: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Հովհաննես Թումանյանի բնակարանի վաճառքի հարցը մեծ հնչեղություն է ստացել. մամուլում վերջին օրերին տեղեկություններ էին տարածվել, որ բնակարանը ցանկանում են գնել թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն:
Թումանյանի բնակարանի խնդրի հետ կապված` Լևոն Անանյանը օրերս եղել է Թբիլիսիում և փորձել է հարցը կարգավորել բանաստեղծի բնակարանի ներկայիս սեփականատիրոջ հետ:
«Բնակարանը ձեռք բերելու մի քանի տարբերակներ կան: Ես այսօր հավանաբար կհանդիպեմ վարչապետին, կներկայացնեմ իրավիճակը: Որոշում կայացնողն իրենք են: Ես այդքան փող չունեմ, որ այդ բնակարանը գնեմ», – ասել է Լևոն Անանյանը:
Լուսանկարը` hovikcharkhchyan.wordpress.com