Հայաստանյան հասարակության համար հիմնարար խնդիրը մնում է չլուծված. առկա ռեժիմը մնում է իր բնույթով հակաժողովրդավարական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, գնահատական տալով ներքին քաղաքական իրավիճակին, ասել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը (լուսանկարում):
Վարդանյանը, այնուամենայնիվ, փոփոխություններ ու վերաձևավորումներ է տեսնում և’ իշխանական, և’ ընդդիմադիր դաշտերում:
«Իշխանական դաշտում իրականացվում է իշխանության կոնսոլիդացիա` օլիգարխիկ խմբի փոքրացում: Ըստ էության` Սերժ Սարգսյանի շուրջ ռեսուրսների կենտրոնացում է տեղի ունենում: Ընդդիմադիր դաշտում 2008 թվականի ընդդիմադիր համախմբվածությունը բացակայում է: Ընդդիմադիր ուժերի խնդիրները չեն փոխվել, սակայն փոխվել են շեշտադրումները», – ասել է Վարդանյանը:
Ըստ բանախոսի` այս փոփոխությամբ է պայմանավորված այն, որ 2008 թվականի խնդիրները «մղվել են հետին պլան», և ավելի ակտիվորեն քննարկվում է 100% համամասնական ընտրական համակարգին անցնելու հարցը:
Փորձագետը փոփոխություն տեսնում է նաև Հայսատանի ներքին զարգացումներում և իրավիճակին տրվող միջազգային հանրության գնահատականում. եվրոպական պաշտոնյանները «մեղմել են» իրենց քննադատությունները: Այնուամենայնիվ, Վարդանյանը նշել է, որ միջազգային կազմակերպությունները` մասնավորապես, Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին տված իր գնահատականները չի փոխել:
Հիշեցնենք, որ Հայաստանը անցյալ շաբաթ Freedom House-ի կողմից հրապարակված զեկույցում գնահատվել է որպես մասամբ ազատ երկիր: