Միայն դեմոկրատական շարժումը կարող է հիմք դնել նոր տեսակի պետության, դա հնարավոր չի անել կուսակցությունների կողմից: Դեմոկրատական շարժումը իշխանության գալու նպատակ չունի, կուսակցությունները պետք է գնան շարժման հետևից, ոչ թե հակառակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Բանախոսի գնահատմամբ` այժմ հայաստանյան հասարակությունը չի կարողանում համախմբվել, չի գտել հեղափոխության հասնելու քարտեզը, սակայն դա չի նշանակում, որ հասարակությունը բավական ակտիվ չէ:
Վարդանյանը կարծիք է հայտնել, որ հեղափոխության տանող մեծ շարժման համար հիմք կարող են դառնալ, օրինակ, բնապահպանական նախաձեռնությունները:
Նա անդրադարձել է նաև խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկներին և քննարկումներին:
«Մեծամասնականը ձեռնտու է իշխանություններին, իշխանությունները շահագործում են մեծամասնականող առաջադրվող օլիգարխների ամբիցիաները. ասում են` դուք պետք է ձայն հավաքեք ոչ միայն ձեզ համար, այլև կուսակցության համար», – ասել է Էդգար Վարդանյանը` համոզմունք հայտնելով, որ 100%-անոց համամասնական ընտրական համակարգի անցնելու կոչը ռացիոնալ է: Այնուհանդերձ օրենսդրական փոփոխության իրագործումը մինչ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Էդգար Վարդանյանը հավանական չի համարում:
Լուսանկարը` Լևոն Բարսեղյանի Facebook-ի էջից