Շախմատի հաղթանակներից հետո գալու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հաղթանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Հիմա կարող է ուտոպիա թվալ, բայց մեր նվագախումը հավասարվելու է Նյու Յորքի ֆիլհարմոնիկին», – հայտարարել է դիրիժորը:
Թոփչյանը հայտնել է, որ նվագախումբը նոր ծրագրերով է սկսել տարին, սակայն նաև բացասական փոփոխությամբ. Նվագախումբը լքել են մի քանի բարձրակարգ ու նվագախմբի համար առանցքային դեր ունեցող երաժիշտներ:
«Կորցրեցինք մի քանի լավ երաժիշտներ, ինչը բնական է. լավ պայմաններ են առաջարկում դրսում: Սակայն հույս ունեմ, որ լավ երաժիշտների հոսքը կկանգնի պետական և հովանավորչական աջակցության շնորհիվ»,- ասել է Էդուարդ Թոփչյանը:
Ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը հայտնել է նաև, որ մտադիր չէ թողնել նվագախումբը: Նա ասել է, որ պայմանագրի համաձայն, ամսական մեկ շաբաթ պետք է անցկացնի Իսպանիայում, սակայն դա չի խանգարի, որպեսզի նա ղեկավարի Հայաստանի նվագախումբը ևս:
2012 թվականին ևս ավանդույթի համաձայն ամեն ուրբաթ ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ է ունենալու: Նախատեսված են մի քանի հյուրախաղեր, համերգային տարբերակով բեմադրումներ:
«Ճապոնիայի հետ համաձայնությունը ստանալուց հետո` ասիական մեծ տուր կունենանք, ինչը ես շատ կարևորում եմ: Ասիան մեծ դեր ունի հիմա դասական երաժշտության համար»,- ասել է Էդուարդ Թոփչյանը:
Փետրվարին կբացվի ֆիլհարմոնիկի նոր կայքէջը, որի ներկայացումը կլինի փետրվարի 11-12-ին: