Home / Հայաստան / Մեդվեդևը` Սերժ Սարգսյանին. «Բիզնեսը ներթափանցում է մեր հարաբերություններ»

Մեդվեդևը` Սերժ Սարգսյանին. «Բիզնեսը ներթափանցում է մեր հարաբերություններ»

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի առավոտյան քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Մեզ մոտ այստեղ` Սոչիի լեռներում, ձմեռային հանդիպումների լավ ավանդույթ է ձևավորվել, և ես այտեղ մի շարք բարի նախանշաններ եմ տեսնում»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

Մեդվեդևը հիշեցրել է, որ նախորդ տարին ապրանքաշրջանառության տեսանկյունից վատ չի ավարտվել, զարգանում են գործնական հարաբերությունները երկու երկրների միջև: «Բիզնեսը ներթափանցում է մեր հարաբերություններ»,- նշել է Մեդվեդևը:

Երկկողմ հարաբերություններից բացի, առաջնորդներն ավելի ուշ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ընթացքը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Իր կողմից Սարգսյանը նման հանդիպումները «շատ դրական» է գնահատել:

«Շնորհակալություն այն ջանքերի համար, որ Դուք գործադրում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- Մեդվեդևին դիմել է Սարգսյանը:

«Այս հանդիպումները և այն ժամանակը, որ Դուք տրամադրում եք այս աշխատանքին, թույլ են տալիս քիչ թե շատ վերահսկելի իրավիճակ ունենալ»,-հավելել է նա:

Սարգսյանը միաժամանակ նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում քննարկել նաև երկկողմ հարաբերությունները, որոնք նույնպես դրական են զարգանում: «Շնորհակալություն մեծ ծրագրեր քննարկելու Ձեր պատրաստակամության համար»,- հավելել  է Հայաստանի նախագահը: