Home / Հայաստան / Ղարաբաղում զինծառայողին աչքից զրկած ենթասպայի մեղադրանքը խստացրել են

Ղարաբաղում զինծառայողին աչքից զրկած ենթասպայի մեղադրանքը խստացրել են

Lեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ճաշարանում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձերբակալված ենթասպա Արմեն Թովմասյանի նկատմամաբ կիրառված մեղադրանքը երեկ` հունվարի 23-ին լրացվել է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

«Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է. «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածություն կամ խմբակային շահերից ելնելով և եթե դրանք էական վնաս են պատճառել, պատժվում են ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով, լրացվել է 112 հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, որը պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով»,- ասել է Մերի Սարգսյանը:

Նրա խոսքով` Թովմասյանի նկատմամբ խափանման միջոցը չի փոխվել: Նա շարունակում է մնալ կալանքի տակ: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Արմեն Թովմասյանը երկաթյա շղթայով ու ձեռքով հարվածել էր զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքին ` ջնջխելով նրա աջ ակնագունդը

Դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նարեկ Ավետիսյանը 14 օր դիրքերում մնալուց հետո իջել էր ճաշարան հերթապահության: Ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը նրան ինչ-որ հանձնարարություն էր տվել, զինվորը հրաժարվել էր կատարել հանձնարարությունը, որից հետո, նախնական տվյալներով, ճաշարանի պետը շղթայով խփել էր և Ավետիսյանի աչքի պարունակությունը տեղում թափվել էր: Նրան նախ տարել էին  Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ տեղափոխել Երևան:

Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի  անոթային պաթոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Գրիգորյանը ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ զինծառայողի աչքը հնարավոր չի եղել պահել, որովհետև «այնտեղ աչք արդեն չկար», հարվածը եղել է շատ ուժեղ: Բժիշկները հեռացրել են Ավետիսյանի աչքը` տեղադրելով ժամանակավոր պրոտեզ, որպեսզի հետագայում հնարավոր լինի պլաստիկ վիրահատության դիմել և մշտական պրոտեզ տեղադրել: Այն կշարժվի, սակայն բնական է, որ տղան մեկ աչքի տեսողությունից զրկված կլինի ամբողջ կյանքում:

Լուսանկարը` Արման Վեզիրյանի