Home / Հայաստան / Սաքունցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. Դատական նիստը հետաձգվեց

Սաքունցն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. Դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր հետաձգվել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված դատական հայցի քննությունը:

Դատը հետաձգելու մասին միջնորդություն է ներկայացրել Սաքունցը, քանի որ նրա կողմից գործում ներգրավված փաստաբան Վահե Գրիգորյանը ժամը 14:00-ի դրությամբ այլ դատական նիստի է եղել: Դատավոր Բ.Գրիգորյանը բավարարել է միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստի մասին կհայտարարվի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Սաքունցը դիմել է դատարան ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի, քանի որ, իրավապաշտպանի պնդմամբ, գործող ոստիկանապետը դեռ ՀՀ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ մի քանի  հարցազրույցներում զրպարտել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: ՀԿ-ն պահանջում է, որ Վլադիմիր Գասպարյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի` Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող որդեկորույս մայրերին վիրավորելու համար, հրապարակայնորեն հերքի զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հօգուտ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բռնագանձի 10 (տասը) ՀՀ դրամ:

Գասպարյանը «Հրապարակ» օրաթերթին հոկտեմբերի 17-ին տված հարցազրույցում,մասնավորապես, ասել էր. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ որ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:

Նաև Վլադիմիր Գասպարյանը «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատի: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել: …Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»: