ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գալիք մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին կարող է լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակի երկրորդ համարը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Ես էլ եմ լսել, բայց ինչքան տեղյակ եմ, այդպիսի բան չկա, ես կփորձեմ ճշտել, երբ պատասխան եղավ, կասեմ», – այս կապակցությամբ իրեն ուղղված օրաթերթի հարցին պատասխանել է Օսկանյանի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «ՀԺ»-ն գրում է, որ մինչև օրվա ավարտը Ղազարյանը որևէ պատասխան չի փոխանցել:
ԲՀԿ ցուցակում Օսկանյանի հնարավոր ընդգրկման մասին օրաթերթը հարց է ուղղել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին, ով պատասխանել է. «Ձեր այդ և մնացած հարցերը քննարկման փուլում են կամ դեռ չեն քննարկվել»:
Անդրադառնալով գալիք ընտրություններին` Գալստյանն ասել է միայն, որ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է Հայաստանի մեծամասնական 41 ընտրատարածքների համար ԲՀԿ-ական 2-3 թեկնածուների անուններ ներկայացնել: