Այսօրվանից Հայաստանի մի շարք բնակավայրերում մեկնարկում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները կայանալու են փետրվարի 12-ին:
Առավել խոշոր բնակավայրերից մեկում` Հրազդանում, փետրվարի 12-ին ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, դարձյալ ՀՀԿ-ական, նրա խորհրդական Հովհաննես Պրտավյանը, ինչպես նաև անկուսակցական Սասուն Միքայելյանը, ով ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է:
Երեկ երեկոյան Միքայելյանի թիմում որոշում է կայացվել, որ նրա նախընտրական շտաբը կղեկավարի Հակոբ Ավագումյանը, ով Սասուն Միքայելյանի ընկերն է:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Միքայելյանի նախընտրական շտաբի լրատվության և քարոզչության հարցերի պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը:
Վերջինս նաև ասել է, որ այսօր ժամը 17.00-ին Հրազդանի Միկրոշրջան թաղամասում Սասուն Միքայելյանը կանցկացնի առաջին բակային հանդիպումը:
«Մեր նախընտրական բուկլետներն արդեն պատրաստ են, պատրաստել ենք նաև փաստավավերագրական ֆիլմ, որը վերաբերում է Սասուն Միքայելյանի անցած մարտական ուղուն, խորհրդարանի ժամանակահատվածին, նրա ձերբակալության ժամանակահատվածին: Այդ ֆիմլը մենք կբաժանենք բնակիչներին»,- ասել է Մեսրոպյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ տեղամասային հանձնաժողովներում ԲՀԿ-ն որոշ տեղեր զիջել է ՀՀԿ-ին: Նա որպես օրինակ նշել է Հրազդանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Անահիտ Նազարյանին, ով ԲՀԿ-ական չէ, բայց ընդգրկվել է ԲՀԿ-ի հանձնաժողվի ադամների ցուցակում:
Մեսրոպյանը չի բացառել, որ շուտով ՕԵԿ-ի անդամների փոխարեն էլ հանձնաժողովում Հրազդանի քաղաքապետարանի այլ աշխատակիցներ հայտնվեն:
Նշենք, որ Epress.am-ը մի քանի անգամ փորձել է կապվել Արամ Դանիելյանի հետ նրա ծրագրերի մասին տեղեկանալու համար, սակայն քաղաքապետի տեղակալ Միհրան Միքայելյանն ասաց, որ քաղաքապետն արձակուրդում է, և ինքը չի կարող նրա փոխարեն հարցերին պատասխանել: Դանիելյանի նախընտրական շտաբում փոխանցեցին, որ ինքն այս օրերին շատ հազվադեպ է շտաբ գալիս: Երկու դեպքում էլ Epress.am-ին ասացին, որ չեն կարող օգնել գտնել քաղաքապետին: